AM
29 Հուլիս 2013 - 10:28 AMT

Այս տարի 46-րդ անգամ անցկացվեց «Տերյանական պոեզիայի օրեր»-ը

Հուլիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում հանդիսավոր կերպով ևս մեկ անգամ մեծարեցին հայ մեծանուն պոետ՝ Վահան Տերյանին:

«Տերյանական պոեզիայի օրեր» ավանդական միջոցառումը բոլորեց 46-րդ տարին: Տոնական օրն սկսվեց Գանձայի Սբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագով: Այնուհետև հոգևոր դասը հյուրերի հետ այցելեց տուն և թանգարան՝ ծանոթանալով Տերյան բանաստեղծի ապրելավայրին և ստեղծագործություններին:

Եկեղեցու հարևանությամբ գտնվում էր Տերյանի տունը և թանգարանը:Այնուհետև մարդիկ ուղևորվեցին գյուղից քիչ հեռու գտնվող սարերի ստորոտին կազմակերպված դաշտահանդեսին մասնակցելու : Միջոցառման հանդիսավարն էր Վրաստանի հայ գրողների միության նախագահ Ժորա Սնխչյանը: Տերյանական պոեզիայի օրվան նվիրված տոնահանդեսին երաժշտական, պարային և բանաստեղծական ելույթներով հանդես եկան ոչ միայն Նինոծմինդայի, այլև Գանձայի և շրջական գյուղերից ժամանած երգի-պարի համույթներ և անհատ կատարողներ:

Ինչպես հայտնում են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ելույթի իր խոսքում նշեց, որ սա տոն է նրանց համար, ովքեր սիրում են Տերյանի պոեզիան և մեծարում են նրան:

«Միշտ մարդաշատ է այստեղ, բնակչությունը սիրով է գալիս: Չնայած առկա մարտահրավերներին, հայ մարդը ամուր կառչած է իր արմատներին: Տերյանական, ջիվանական օրերը մշակույթի այն հենասյուներն են, որոնք հայ մարդուն հայ են պահում: Կարևոր է, որ հայ մարդը պահպանի իր արմատները, հարազատ մնա իր արմատներին»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: