Skyrunning-ը (սքայռանինգը), լինելով թեթև ատլետիկայի մարզաձև, լեռներում տեղաշարժման միջոց է՝ ծովի մակարդակից 2 հազար մետրից ավել բարձրության վրա: Այս մարզաձևը սկիզբ է առել Եվրոպայում:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ սեպտեմբերի 14–15-ը Արագածում կանցկացնի «Հյուսիսային Խաչ» Հայաստանի սքայռանինգի առաջին մրցաշարը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը, մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից: Մասնակիցների թիվը կհասնի մոտ 50-ի:
Մրցաշարի նպատակն է Հայաստանում skyrunning սպորտաձևի տարածումը և ուժեղագույն մարզիկների հայտնաբերումը և առողջ ապրելակերպի քարոզումը:
Մրցաշարին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, ում տեխնիկական ու ֆիզիկական պատրաստվածությունը համապատասխանում է մրցաշարի չափանիշներին: Բոլոր մասնակիցները պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն առողջության մասին: Մրցաշարն անց է կացվելու տղամարդկանց և կանանց համար անհատական մրցաձևում:
Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է քամուց պաշտպանող հանդերձանք, հարմար և համապատասխան կոշիկ, ձեռնոցներ, արևային ակնոցներ, թրեքինգի ձողեր ու դեղատուփ:
Մրցաշարի մասնակիցները կսկսեն մրցումները 3 240 մետրից՝ հատուկ դրոշակներով նշված երթուղիով, և առավել կարճ ժամանակահատվածում կփորձեն նվաճել Արագածի հյուսիսային գագաթը և վերադառնալ: Ճանապարհին կլինեն 3 մրցավարական կետեր, որտեղ մասնակիցները պարտադիր պետք է գրանցվեն, հարկ եղած դեպքում ստանան օգնություն կամ հայտնեն որևէ կարևոր տեղեկություն:
Հաղթողները կընտրվեն ըստ մրցավարների գնահատականի: Կհաղթեն այն մասնակիցները, որոնք բոլորից արագ կանցնեն երթուղին ու կհասնեն եզրագծին: Հաղթողները կստանան դրամական և այլ պարգևներ:
2012 թվականին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան անցկացրել էր սքայռանինգի փակ առաջնություն, որին մասնակցել էին միայն ֆեդերացիայի անդամները:





