AM
16 Փետրվար 2016 - 08:40 AMT

Արոնյանը Ցյուրիխի գերմրցաշարում 3-րդ տեղն է գրավել

Փետրվարի 15-ին ավարտվել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցած շախմատային գերմրցաշարը, որին մասնակցել են վեց գրոսմայստեր. Լևոն Արոնյանը (Հայաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Ալեքսեյ Շիրովը (Լատվիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Հիմնական մրցաշարում Արոնյանը վաստակել է 4 միավոր (այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքի համար՝ 1 միավոր): Այս արդյունքով հայ գրոսմայստերը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ալեքսեյ Շիրովից և Անիշ Գիրիից, գրում է Armsport.am-ը:

Բլից մրցաշարում ևս Արոնյանը զբաղեցրել է նախավերջին հորիզոնականը՝ կրկին առաջ անցնելով Շիրովից:

Մրցաշարի ընթացքում Արոնյանը խոստովանել է, որ լավագույն մարզավիճակում չէ և դեկտեմբերից հետո շախմատ գրեթե չի խաղացել:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

Հայ գրոսմայստերը կմասնակցի 2016-ի մարտի 10-ից 30-ը կայանալիք հավակնորդների մրցաշարին։ Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։