Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթը կսկի գործել 2016-ի ընթացքում: Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 13-ին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի՝ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հետ հանդիպմանը:
Զրուցակիցներն անդրադարձան Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի բացմանը: Ռեժիբոն Մարգարյանին հանձնել է Բելգիայի քաղաքացիական ավիացիայի իշխանությունների դիմումը, որով «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությանը վերապահվում է Բրյուսել-Երևան չվերթի իրականացումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել չվերթի իրականացումը սկսել 2016-ի ընթացքում՝ 2017-ից ըստ անհրաժեշտության ավելացնելով թռիչքների հաճախականությունը:
«Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ թռիչքներ Բելգիա և Բրյուսել չեն իրականացվում, այլ միայն տրանզիտային եղանակով. Երևան-Մոսկվա-Բրյուսել, Երևան-Կիև-Բրյուսել և այլն:





