AM
20 Սեպտեմբեր 2016 - 08:45 AMT

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորել է «3 հազարամյա ազգին»

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ուղերձ է հղել ՀՀ անկախության 25-ամյակի առիթով.

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 25-րդ տարեդարձը: Երեք հազարամյա ազգը, որն իր պետականությունը կորցրել էր շատ դարեր առաջ, իր տեղը վերագտավ միջազգային հանրության գրկում:

Որպես Ֆրանսիայի դեսպան, ցանկանալով աշխուժացնել մեր ժողովուրդների միջև խորը և վաղեմի բարեկամության կապը, շնորհավորում եմ Հայաստանի ղեկավարներին և նրա քաղաքացիներին անցած ճանապարհի համար և մեծ հաջողություններ մաղթում նրանց ավելի արդար, ավելի ապահով և ավելի բարեկեցիկ հասարակության կերտման գործում»:

2016-ի հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:

«Հավասարության ու քաղաքացիության» մասին օրենքի փոփոխությունը նախատեսում է 45000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար: Օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր:

Ֆրանսիայում նման օրինագիծ ընդունվել էր նաև 2012 թվականին՝ նախագահ Սարկոզիի օրոք: Այն ժամանակ, խորհրդարանի 2 պալատներում անցնելուց հետո, նախագահ Սարկոզին չստորագրեց այն. փաստաթուղթն օրենքի ուժ չստացավ, ինչը ժամանակ տվեց թուրք լոբիստներին բողոքարկել այն Սահմանադրական դատարանում, որտեղ էլ օրինագիծը մերժվեց:

2015 թվականին հայտնի դարձավ, որ ՍԴ անդամներից մեկն ակտիվ կապի մեջ էր թուրք դիվանագետների հետ օրինագծի քննարկման ժամանակ: