AM
27 Հոկտեմբեր 2016 - 11:00 AMT

ՊՆ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը. Հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ այն հայտարարությունը, թե հայկական կողմը հոկտեմբերի 26-ին դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել.

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հրադադարի պահպանման ռեժիմը նախօրեին խախտել է հենց Ադրբեջանը, ինչի հետևանքով մենք, ցավոք, զոհ ունենք», – ասել է Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Ըստ ռազմական փորձագետների` Ադրբեջանն այս օրերին համանախագահների տարածաշրջանային այցի ֆոնին փորձում է լարել սահմանային իրավիճակն, այդպիսով՝ փորձելով գլոբալ կամ մասնակի հարցերում պարտադրել իր կամքը:

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով հոկտեմբերի 26-ին ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: