Ինչո՞ւ է հակաբիոտիկների ազատ վաճառքն արգելելու անհրաժեշտություն առաջացել: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է հակաբիոտիկների օգտագործման պարզ կանոնները:
Կանոն թիվ մեկ

Բոլորին հայտնի արհեստական հակաբիոտիկները կարող են ճնշել որոշակի միկրոօրգանիզմների աճը կամ ոչնչացնել դրանք: Իսկ դա նշանակում է, որ այդ դասի դեղամիջոցներն օգտագործվում են առաջին հերթին բակտերիալ վարակների դեմ պայքարելու համար: Հակաբիոտիկները սովորաբար չեն ազդում վիրուսների վրա, ուստի անօգուտ են վիրուսներով հարուցված հիվանդությունների, օրինակ, սուր շնչառական հիվանդությունների, գրիպի, հեպատիտ A, B, C-ի, ջրծաղիկի, հերպեսի, կարմրախտի, կարմրուկի դեպքում: Ավելին, հակաբիոտիկների ընդունումը մրսածության ժամանակ ոչ մի կերպ չի ազդում վիրուսի վրա, հանգեցնում է իմունիտետի նվազեցման և բնական միկրոֆլորայի ոչնչացման, ինչը հղի է տհաճ հետևանքներով: Եվ այսպես, թիվ մեկ կանոնն է` հակաբիոտիկներն անօգուտ են վիրուսային վարակների դեպքում:
Կանոն թիվ 2

Գոյություն ունի հակաբիոտիկների մեծ բազմազանություն, որոնք դասակարգվում են ըստ բակտերիալ բջջի վրա ազդեցության բնույթի կամ քիմիական բաղադրության: Ավելին, բակտերիաների տարբեր շտամերի դեպքում օգտագործվում են տարբեր հակաբիոտիկներ, երբեմն հարկ է լինում համադրել դրանք, քանի որ բակտերիաների ձևերից մեկն արդյունավետ ոչնչացնող հակաբիոտիկը կարող է անօգուտ լինել մեկ այլ ձևի դեպքում: Հակաբակտերիալ թերապիան նշանակվում է, ելնելով հետազոտությունների արդյունքներից, որոնք թույլ են տալիս ի հայտ բերել հիվանդության կոնկրետ հարուցչին: Դա նշանակում է, որ ճիշտ բուժումը կարող է նշանակել միայն և միայն բուժող բժիշկը: Եվ այսպես, թիվ 2 կանոնը հետևյալն է` հակաբիոտիկների պարագայում ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել : Դեղամիջոցի սխալ ընտրությունը կարող է վարակի դեմ պայքարող բնական բակտերիաների մահվան պատճառ դառնալ, և էլ ավելի բարդացնել վիճակը: Ուստի, հակաբիոտիկներ պետք է վաճառել միայն դեղատոմսով:
Կանոն թիվ 3

Գիտնականները վաղուց արդեն զգուշացնում են հակաբիոտիկների լայն կիրառման վտանգի մասին, որի արդյունքում կարող են առաջանալ շտամեր, որոնք կհակազդեն հայտնի հակաբիոտիկների մեծ մասին: Բանն այն է, որ բակտերիաները, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, էվոլյուցիայի միավորներ են: Ավելին սերնդափոխությունը բակտերիալ գաղութում շատ արագ է տեղի ունենում: Ցանկացած մուտացիա, որը հանգեցնում է հակաբիոտիկների գործողությանը հակազդող ունակության առաջացմանը մեկ բակտերիայի մոտ, անմիջապես փոխանցվում է հաջորդ սերնդներին և ամրագրվում է պոպուլյացիայում` ավելի կայուն դարձնելով շտամը հակաբիոտիկների ազդեցության հանդեպ: Որքան լայն ու որքան հաճախ է օգտագործվում հակաբիոտիկը, այնքան մեծ է այդպիսի բակտերիաների առաջացման հավանականությունը: Նշանակում է` հակաբիոտիկները պետք է չափազանց զգուշավոր օգտագործել և որոշակի չափաբաժնով, որը որոշում է բժիշկը: Բակտերիաների հենց այդ հատկության պատճառով են հիվանդանոցներում հայտնվում հակաբիոտիկային շտամեր, որոնք հանգեցնում են այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսին է ներհիվանդանոցային թոքաբորբը:
Կանոն թիվ 4

Հակաբիոտիկները նաև լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության մեջ` կանխելու համար հիվանդությունները գյուղատնտեսական կենդանիների շրջանում: Սա, իր հերթին, սպառնում է այնպիսի սուպերբակտերիաների` շտամերի, առաջացմամբ, որոնք կայուն են հակաբիոտիկների գործողության հանդեպ: Ուստի, այս խմբի դեղամիջոցների ազատ վաճառքի արգելքն, ըստ մասնագետների, պետք է տարածվի նաև ֆերմերների վրա` հակաբիոտիկները պետք է վաճառվեն միայն անասնաբույժի դեղատոմսով և խիստ սահմանափակ քանակությամբ:





