AM
12 Դեկտեմբեր 2016 - 08:34 AMT

Հայաստանում մեկնարկում են Ռուսաց լեզվի օրերը

Դեկտեմբերի 12-ին Հայաստանում մեկնարկում են Ռուսաց լեզվի օրերը: Միջոցառումն անցկացվում է արդեն 9-րդ անգամ, հայտնում է «Միր 24»-ը:

«Հայաստանում Ռուսաց լեզվի օրերը, որոնք կանցնեն արդեն 9-րդ անգամ, նվիրված են Անկախ պետությունների համագործակցության կազմավորման 25-ամյակին: Օրերի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ. Ուսումնամեթոդական, գիտական և կրթական: Միջոցառումները կանցկացվեն ՀՀ դպրոցներում և բուհերում»,-հայտարարել է Երևանում գործող Գիտության և մշակությի ռուսական կենտրոնի ռուսաց լեզվի բաժնի պետ Նատալյա Երյոմենկոն:

Բոլոր ցանկացողների համար կանցկացվեն բաց դասեր ու վարպետության դասեր, որտեղ կպատմեն այն մասին, թե ինչպես կարող են նոր տեխնոլոգիաները նպաստել լեզվի ուսուցմանը: Մասնագետները կկարողանան մասնակցել գիտաժողովներին, իսկ դպրոցում դասավանդող ուսուցիչները` որակավորման բարձրացման դասընթացներին:

Ռուսաց լեզվի օրերը կշարունակվեն մինչև դեկտեմբերի 16-ը:

Ավելի վաղ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման նպատակով կձևավորվեն նաև օտար լեզուների առանձին աշխատանքային խմբեր` մասնավորապես, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի:

ՀՀ-ում միասնական քննություններին ռուսաց լեզվի քննության միջին միավորը 2008-ից 2015-ը պարբերաբար նվազել է՝ 16-ից հասնելով 10 միավորի: Իսկ 2016-ին՝ էլ ավելի է ընկել՝ 9.8: Վերջին տարիների ընթացքում անգլերեն լեզվի քննության միջին ամենացածր ցուցանիշը եղել է 2011-ին՝ 9.5, ամենաբարձրը՝ 2013-ին՝ 15.4: 2016-ին՝ 2015-ի համեմատությամբ նվազել է՝ 14.2-ից հասնելով 14.1-ի: