AM
27 Մայիս 2022 - 08:16 AMT

Լոռի բերդ ամրոցի պարսպի մի հատվածն ու Կրասարի կամուրջը կվերականգնվեն

Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի մի հատվածն ու Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կրասարի կամուրջը կվերականգնվեն։ Մայիսի 26-ի նիստում կառավարությունը միջոցներ հատկացնելու որոշում է կայացրել։

44,119,600 դրամ կհատկացվի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների համար՝ ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունները։

Կրասարի կամրջի վերականգնման մասով միջոցներ կհատկացվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության համար:

Դեռևս 2012 թ․ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը: Պետական բյուջեից պարսպի նշյալ հատվածի վերականգնման համար 2012-2018 թթ․ հատկացվել է 89,457,440 դրամ: Այժմ հատկացված միջոցների հաշվին կիրականացվեն Լոռի բերդ ամրոցի պարսպապատի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման մնացած աշխատանքները։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախապես հայտարարել էր մրցույթ, և արդեն կա հաղթող կազմակերպություն։ Համաձայնագրի համապատասխան՝ կնքելուց հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները։

Կրասար համայնքում հաշվառված տեղական նշանակության եռաթռիչք «Կրասարի կամուրջ» հուշարձանի արևմտյան կողմից թռիչքների պատերի մի հատվածը մասնակի փլուզվել է: Փլուզման պատճառով կամրջի վրայի խողովակաշարը անջատվել և ընկել է գետը՝ վնասելով վերևի հատվածի քարերի շարվածքը։

«Կրասարի կամուրջ» պատմամշակութային հուշարձանը 1892 թվականին կառուցվել է Ախուրյան գետի վրա և գտնվում է Կրասար բնակավայրից 2 կմ հարավ-արևմուտք: Այն հիմնական կապող ճանապարհն է հարևան Սեպասար գյուղի հետ և ներկայում գտնվում է վթարային վիճակում: Եռաթռիչք է, կառուցված է կոպտատաշ գորշ տուֆով, թռիչքների եզրագոտիները սրբատաշ են:

Առաջիկայում մրցութային կարգով կպատվիրվեն կամրջի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը։