AM
23 Դեկտեմբեր 2025 - 10:46 AMT

Չեքիջյանի 97-ամյակը կնշվի համերգով

Դեկտեմբերի 23–ին ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշաններով պարգևատրված դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը նշում է իր 97-ամյակը։ Ավանդույթ դարձած ձևաչափով մաեստրոյի տարեդարձը կնշվի տոնական համերգով, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ծրագրի շրջանակում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և օպերային թատրոնի նվագախումբը կատարելու են Հեկտոր Բեռլիոզի «Ռեքվիեմը»։

Ավելի քան վեց տասնամյակ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ որպես Հայաստանի մշակութային դեսպան, մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնում է հայ երգն ու երաժշտությունը:

Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 873 համերգ, ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում՝ Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներ, հանդես է եկել 70 անվանի սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ, այդ թվում՝ ԽՍՀՄ Պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսաստանի Մեծ թատրոնի և այլ նվագախմբերի հետ՝ թողարկելով նաև բազմաթիվ սկավառակներ: Մաեստրոն հեղինակել է «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Նշանավորելով և կարևորելով Չեքիջյանի անգնահատելի ներդրումն ու վաստակը հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մշակութային հաստատությունների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումն ու միջավայրի բարելավումը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջին 2 տարիների ընթացքում մոտ 10,5 մլն դրամ է հատկացրել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի փորձասենյակի նորոգման և գրասենյակային նոր գույքի ձեռքբերման համար: