AM
7 Հունվար 2026 - 12:23 AMT

Շրջակա միջավայրի նախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել է COP17-ի կազմակերպչական հարցեր

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը քննարկել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, կազմակերպչական ու օրակարգային հարցերը։ Նախարարը ընդգծել է, որ Հայաստանը նպատակ ունի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի համաժողովը դառնա կարևոր հարթակ՝ բնապահպանական առանցքային որոշումների կայացման, միջազգային առաջնահերթությունների ամրապնդման և ռազմավարական փաստաթղթերի մշակման համար։

Զրույցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական ոլորտի մի շարք այլ ուղղություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են ջրային պաշարների կառավարման ոլորտում համագործակցության ընդլայնման, կլիմայական քաղաքականությունների իրականացման փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախագծերի ու կարողությունների զարգացման հնարավորությունները։

Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը, հատկապես կայուն զարգացման, կլիմայական հարմարվողականության և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։

Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և խորացնել երկխոսությունը՝ միտված փոխշահավետ նախաձեռնությունների իրականացմանը և գործնական արդյունքների ապահովմանը։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: