ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով դպրոցահասակների շրջանում թմրանյութերի իրացմանն առնչվող խնդիրներին, որի դեմ պայքարի շրջանակում ԿԳՄՍՆ-ն համագործակցում է ՆԳՆ-ի հետ, ասել է, որ դպրոցները պաշտպանելու կարիք կա:
Նախարարն արձանագրել է, որ, ցավոք, թմրանյութերը մեր իրականության մասն են, հայտնում է 1lurer.am-ը:
«Մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են և առաջին ահազանգողն են այն դեպքերում, երբ նկատում են որևէ կասկածելի բան: Շատ հաճախ խնդիրների մասին ահազանգում են դպրոցները: Դպրոցները պաշտպանելու կարիք կա: Մեր անելիքը տեսնում եմ անվտանգության ստանդարտների սահմանման և դրանց իրացման մեջ»,-ասել է նա:
Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում դպրոցներում կձևավորվեն մուտքի վերահսկման հատվածներ, որոնք կկանխեն ազատ մուտքը կրթական հաստատություններ։ Բացի այդ, դպրոցներում՝ հատկապես ավագ դպրոցներում, կտեղադրվեն տեսախցիկներ, իսկ համայնքային ոստիկանության հետ կհաստատվի պարբերական կապ, ներառյալ այցելություններ։
«Համայնքային ոստիկաններն այն մարդիկ են, որոնք պետք է աչալուրջ լինեն և աշխատեն երեխաների հետ: Հետևողական, համակարգված, համատեղ աշխատանք. սա պիտի անենք և մեր երեխաներին էլ զուգահեռ իրազեկենք»,- ասել է նախարարը։





