AM
7 Հունվար 2026 - 14:11 AMT

Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

1188 թվականին պատրաստված և քանդակված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, որը ՀՀ պետական միջոցներով գնվել է Լոնդոնի աճուրդից և առաջիկայում կբերվի Հայաստան, կհանգրվանի Հայաստանի պատմության թանգարանում։ Այդ մասին ասուլիսում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշել է, որ նախարարության մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է հայկական մշակութային արժեքների համալրումն ու պահպանումը, հայտնում է Արմենպրեսը:

Նրա խոսքով, այս նպատակի շրջանակում ՀՀ կառավարությունը վերականգնել է թանգարանների համալրման համար նախատեսված բյուջեն, ինչի շնորհիվ հնարավոր է եղել ձեռք բերել այս արժեքավոր նմուշը։

«Կկազմակերպվի ցուցանմուշի առանձին ցուցադրություն, քանի որ այն բացառիկ է։ Աշխարհում մինչ այդ հայտնի էր 8 նման նմուշ։ Այն ներկայացնում է հայկական փայտագործական ավանդույթները, և թե՛ զարդանախշերի կատարման որակով, թե՛ մնացյալ մանրամասներով բացառիկ արժեք է ներկայացնում»,- ասել է Անդրեասյանը:

Նա հավելել է, որ նախատեսվում է նաև համագործակցություն Բեռլինի թանգարանի հետ։ Բացի այդ, ծրագրում են Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ցուցադրություն Ակրոպոլիսում՝ զբոսաշրջային ամենահայտնի վայրերից մեկում։

Ավելի վաղ նախարար Անդրեասյանը հայտնել էր, որ փեղկի ձեռքբերման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ։

«Փորագրությունները և զարդանախշային համակարգը լիովին համահունչ են հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին և Բագրատունյաց շրջանին բնորոշ մշակույթին»,- նշել էր նա։

Նա նշել է նաև, որ փեղկը միջազգային շրջանառության մեջ հայտնվել է 1980-ականների վերջերին և երկար տարիներ գտնվել է Նյու Յորքում՝ մասնավոր հավաքածուի կազմում։ ԿԳՄՍ նախարարությունը միջազգային աճուրդների մշտադիտարկման շրջանակում հետևում է հայկական ծագում ունեցող մշակութային նմուշների շրջանառությանը և, հնարավորության դեպքում, իրականացնում դրանց ձեռքբերման գործընթաց։

Նախարարի խոսքով՝ նմուշի իսկությունը հաստատվել է ինչպես ռադիոածխածնային լաբորատոր փորձաքննություններով, այնպես էլ գիտական հրապարակումներով, որոնք վկայում են դրա մշակութային արժեքի մասին։ Բացի այդ, Հայաստանից մասնագետ է գործուղվել՝ տեղում ուսումնասիրություն իրականացնելու և նմուշի իսկությունը հաստատելու նպատակով։