Սիրիայում շարունակվող լարված իրավիճակի հետևանքով Cham Wings Airlines ավիաընկերության Հալեպ–Երևան չվերթը չեղարկվել է։ Այդ մասին վկայում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները, հայտնում է Sputnik Արմենիան:
Հալեպ քաղաքում վերջին օրերին մարտական գործողություններ են ընթանում Սիրիայի անցումային կառավարության ստորաբաժանումների և քրդական զինված խմբավորումների միջև։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ից ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմ, սակայն, չնայած դրան, Հալեպի օդանավակայանը դեռևս մնում է փակ։
Երևանի օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ ուշացումներ կան նաև մի շարք միջազգային չվերթների ժամանումներում։ Մասնավորապես՝ նախատեսվածից ուշ Երևան կժամանեն չվերթերը Եկատերինբուրգից (Ural Airlines), Մոսկվայից (Red Wings) և Բուդապեշտից (Wizz Air)։
Fly Cham ավիաընկերությունը սկսել էր դեպի Երևան կանոնավոր չվերթների իրականացումը 2025 թվականի նոյեմբերի 7-ից։





