Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ավելի քան 140 միլիոն դրամ արժողությամբ մայրաքաղաքին պատկանող գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար, հայտնում է հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Դատախազը նախկին պաշտոնյայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 4 դրվագով. գործը հանձնվել է դատարան։
Քասարյանը զբաղեցրել է այդ պաշտոնը 2010-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերը։
Հանրային մեղադրող Արսեն Կոստանյանը Հանրային հեռուստաընկերությանն ասել է, որ Քասարյանը հանդիսացել է Երևանի պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի սակարկությունները կազմակերպող հանձնաժողովի անդամ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Անդրանիկ Քասարյանն այդ հանձնաժողովի կազմում եղած ժամանակ փոխկապակցված անձ Արմեն Ղազարյանի և իր որդու՝ Տիրան Քասարյանի օժանդակությամբ դիտավորությամբ փորձել է գույքի հանցավոր ծագումը թաքցնել։ Նա փորձել է իրենն ու իր հետ փոխկապակցված անձանցը դարձնել Երևանի Անտառային փողոցի 136/3 հասեցի 195 և 250 քմ մակերեսով հողամասերը»,- նշել է Կոստանյանը։
Հետաքննության տվյալներով՝ Քասարյանն Արմեն Ղազարյանի հետ նախապես համաձայնեցրել է գործողությունները և 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել է ձևական աճուրդ՝ 150 քմ հողամասի վաճառքի համար։ Այս գործընթացում ներգրավվել է նաև նրա ծանոթներից մեկը՝ Հենրիկ Մարտիրոսյանը։ Չնայած աճուրդին փաստացի չի մասնակցել, հաղթող ճանաչվել է Արմեն Ղազարյանը, ում այդուհետ վաճառվել է հողամասը 10 միլիոն 500 հազար դրամով։ Մյուս՝ 195 քմ մակերեսով հողամասը Քասարյանն Ղազարյանին օտարել է 4 միլիոն 943 հազար 250 դրամով։ Այդ հողամասերի վրա Քասարյանը կառուցել է 2173 քմ մակերեսով բազմաբնակարան և հասարակական նշանակության շինություն, որը հետագայում օրինականացվել է։
Դատախազի փոխանցմամբ՝ այդ շինությունը, որի օտարման արժեքը կազմել է մոտ 125 միլիոն 164 հազար 800 դրամ, մինչ օրս համարվում է ինքնակամ։
Բացի այդ, 2018 թվականի ապրիլին Արմեն Ղազարյանի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ շինթույլտվություն՝ 445 քմ հողամասի վրա բազմաբնակարան և հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով։
Այնուհետև Քասարյանը կազմակերպել է շինծու պայմանագրի կնքում, որի արդյունքում Ղազարյանն ամբողջ գույքը նվիրատվությամբ փոխանցել է Քասարյանի կնոջը՝ Աննա Քասարյանին, ինչպես նաև նրա որդիներին՝ Տիգրան և Կարո Քասարյաններին և նրանց կանանց՝ Այծեմնիկ Ավետիքյանին ու Էլեն Ռիզերին։ 2018 թվականին նրանք ստացել են այդ գույքի սեփականության վկայականները։
Դեռևս 2023 թվականին ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է Անդրանիկ Քասարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 19 անշարժ գույք և 451 միլիոն դրամ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։





