AM
10 Հունվար 2026 - 11:12 AMT

Արցախից տեղահանվածները ՀՀ քաղաքացիության դիմումները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետք է իրենց դիմումները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:

Ծառայությունը տեղեկացրել է, որ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով դիմել է 23,969 տեղահանված արցախցի։ Նրանցից 8,176-ը՝ անչափահասներ, արդեն ստացել են քաղաքացիություն՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի հիմքով, հայտնում է «Փաստինֆոն»:

ՆԳՆ-ից նշել են, որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն՝ ՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման գործընթացները լիովին թվայնացվելու են։ Նոր ծրագրային ապահովման ներդրման արդյունքում հնարավոր կլինի նախնական ուսումնասիրություն կատարել քաղաքացիների հայտերի վերաբերյալ, որից հետո դիմորդները կստանան հերթագրվելու հնարավորություն՝ քաղաքացիության հետ կապված փաստաթղթերը հանձնելու նպատակով։

Ըստ նախարարության՝ թեև քաղաքացիություն ստանալու հայտերի քննարկման համար օրենքով սահմանված է 90 աշխատանքային օր, Արցախի տեղահանվածների դիմումները գնահատվում և քննարկվում են հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով նրանց հատուկ կարգավիճակը։