AM
12 Հունվար 2026 - 07:30 AMT

ԱՆ․ Հունվարի 1-ից սոցփաթեթի գումարը կարելի է փոխանցել ապահովագրավճարին

Հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի ամբողջ գումարը՝ 72,000 դրամը, օգտագործել որպես պարտադիր ապահովագրության վճար, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Խոսքն այն շահառուների մասին է, որոնց աշխատավարձը 200,001 դրամ և ավելի է և նրանք ներառված են ապահովագրական համակարգում:

«Սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) ներառվում են ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը փոխհատուցվում է «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով: Միաժամանակ, նրանք կարող են իրենց սոցփաթեթի գումարը (72,000 դրամը) ևս ուղղել ապահովագրավճարին (ամսական 6000 դրամ)` մեկանգամյա դիմում գրելով գործատուին:

Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում` Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցով` առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ:

Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Առողջության համընդհանուր ապահովագրական համակարգը պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլում ապահովագրությամբ ընդգրկվել են նաև մինչև 18 տարեկան երեխաները և 65 տարին լրացած անձինք՝ առանց բացառության։ Այս խմբերի համար ամբողջ 2026 թվականին գործում է պետական լիարժեք ֆինանսավորում։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց դեպքում ամսական վճարը կազմելու է ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամի համար նախատեսված փոխանցումներից զգալի մասը կուղղվի դեպի առողջության ապահովագրական համակարգ։ Վճարումները մեկնարկում են հունվարից՝ հիմնվելով նախորդ ամսվա աշխատավարձի վրա։