Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում օդի աղտոտման խնդրին՝ ընդգծելով, որ այժմ ուշադրությունը կենտրոնացրել են վերլուծական տվյալների ստացման և դրանց հիման վրա գործողությունների կազմակերպման վրա։
«Մարդկանց հետ խոսակցության մեջ հասկանում եմ՝ կան ինտուիտիվ կարծիքներ, որ եթե Երևանը վերածվի մի մեծ անտառի, խնդիրը կվերանա։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում»,-ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:
Նա օրինակ ՝ բերել Սարաևո քաղաքը Բոսնիա և Հերցեգովինայում:
«Այն առաջին հերթին անտառ է, հետո՝ քաղաք, բայց ցուցանիշները խայտառակորեն բարձր են։ Այնտեղ ներքին կանաչապատման աշխատանքները մեծ արդյունք չեն տալիս»,– ասել է նա:
Նա շեշտել է, որ կարևոր են կանխատեսումները, որոնց հիման վրա քաղաքապետարանը կպլանավորի հետագա գործողությունները։
«Մասնավորապես, մենք կկարողանանք իրականացնել ինվերսիոն շերտի կանխատեսումներ։ Սա նշանակում է, որ օդում որոշակի բարձրության վրա ունենք վատ ցուցանիշներ, և երբ այդ շերտն իջնում է Արարատյան գոգավորության վրա՝ Երևանում, Արտաշատում, Վեդիում, Փոքր Վեդիում և Թուրքիայի տարածքում, ունենում ենք նմանատիպ խնդիր»,– ասել է քաղաքապետը։
Ավինյանը նշել է, որ նման կանխատեսումները հնարավորություն են տալիս ժամանակին արձագանքել և իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ օդի որակի բարելավման ուղղությամբ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել մայրաքաղաքի մթնոլորտային օդի վիճակի վերաբերյալ տվյալները 2025 թվականի դեկտեմբերի 26-29-ի և 2026 թվականի հունվարի 3-5-ի համար։ Այդ օրերին փոշու պարունակությունը որոշ հատվածներում գերազանցել է սահմանված թույլատրելի չափը:





