Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները հիմնական ճանապարհներին իրականացվել են առանց լուրջ խոչընդոտների, սակայն վարչական շրջանների մակարդակով կատարված աշխատանքը բավարար չի եղել։
«Իմ տպավորությամբ և կարծիքով` մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ կատարվել են, բայց վարչական շրջանների կատարած աշխատանքից դժգոհ եմ մի քանի պատճառով։ Բավարար չափով ջանք չի գործադրվել, որ մասնավոր տնտեսվարողները, որոնք պարտականություն ունեն, իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ կատարեն։ Սա պնդում եմ, որովհետև կան վարչական շրջաններ, որտեղ որևէ վարչական տուգանք չի գրվել այս հոդվածով։ Դրանք 4-5-ն են, ու դրան բացատրություն չկա»,- նշել է քաղաքապետը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա օրինակ է բերել՝ Կիևյան փողոցի խանութներից մեկի սեփականատերը մաքրել է իր տարածքի դիմացի հատվածը, բայց Ավինյանին էլ ասել է, թե իրեն դրա համար գումար պետք է տրվի։ Քաղաքապետը վրդովվեց, որ տնտեսվարողները չգիտեն իրենց պարտավորությունների մասին։
Նա ևս մի քանի պատճառ է ներկայացրել, թե ինչ դժգոհություններ ունի։ Քաղաքապետը շեշտել է՝ երկրորդ խնդիրն այն է, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը որոշ վարչական շրջաններ, որոնք գործիքներ ունեն, բակային տարածքներում պետք է իրականացնեին աշխատանքներ, ինչը չի արվել։
«Մարդիկ նոր տարի էին անում։ Ես հասկանում եմ, որ դա էլ է մոտեցում, բայց դա այն մոտեցումը չէ, որի մասին ես խոսել եմ տարվա վերջին։ Հատուկ շեշտել եմ՝ մենք ունենք ձյուն, ու պետք է աշխատել 24/7 ռեժիմով, ինչպես դա արել է ԵԱՍՄ հիմնարկը։ Երրորդը՝ դուք հանրագումարով ունեք մոտ 300 աշխատակից, որոնք պետք է արձանագրեն տարատեսակ վարչական խախտումներ, ու երբ դրանք հանում եմ, համեմատում եմ հասարակական կարգի պահպանման վարչության քանակի հետ, խայտառակ թվեր են ստացվում»,- նշեց Ավինյանը։
Նա վստահեցրել է՝ լուրջ փոփոխությունների կարիք կա, ինչը շուտով անպայման կքննարկեն։
2025թ–ի դեկտեմբերի 27-ին, երբ Երևանում տեղաց առաջին ձյունը, քաղաքապետարանից վստահեցրին՝ բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները կատարվել են, բայց բակերում ու մայթերին դեռ խնդիր կա։ Այնուհետև Ավինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ձյան առատ տեղումներ են լինելու, ինչը նշանակում է՝ պետք է պատրաստ լինել, որպեսզի քաղաքն անցանելի լինի ու պնդեց՝ հանգստի ժամանակ չկա։





