AM
12 Հունվար 2026 - 11:44 AMT

Գազալցակայանում պայթյունից տուժած վիրավորներից մեկը դուրս է գրվել, մյուսը վիրահատության կարիք ունի

Երևանի Հրաչյա Քոչար փողոցի 228 հասցեում գործող գազալցակայանում հունվարի 9-ին տեղի ունեցած պայթյունից տուժածներն Արագածոտնի մարզի բնակիչներ են՝ 50-ամյա Արմեն Ա․-ն և 63-ամյա Բայանդուր Ա․-ն, ովքեր դեպքի պահին զբաղված են եղել զոդման աշխատանքներով, հայտնում է Shamshyan.com-ը:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տուժածներից մեկը նույն օրը դուրս է գրվել, քանի որ չի ունեցել լուրջ վնասվածքներ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մեկը դուրս է գրվել, քանի որ լուրջ վնասվածքներ չի ունեցել։ Մյուս անձի մոտ էլ լուրջ խնդիրներ չկան, բայց վաղը պետք է վիրահատվի»,- նշել են հիվանդանոցից։

Պայթյունը տեղի է ունեցել գազի լիցքավորման հաշվիչի հատվածում, ինչի հետևանքով երկու տղամարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն իր հերթին տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտմանը։ Կատարվում է նախաքննություն։