AM
12 Հունվար 2026 - 14:06 AMT

Աշխատանքի նախարարությունն առաջարկում է միավորել «Նորք» և «Հաղթանակ» ծերանոցները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է վերակազմակերպել «Հաղթանակ» և «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնները՝ ներդնելով կենտրոնացված կառավարման նոր մոդել։

Երկու կենտրոններն էլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ են՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցելու համար։ Ներկայումս այս հաստատությունները միասին սպասարկում են 475 շահառուի, ունեն 330 աշխատակից, հայտնում է Panorama.am-ը:

Նախարարության գնահատմամբ՝ երկու կազմակերպությունները իրականացնում են նմանատիպ գործունեություն, ունեն նույն գործառույթները, կառուցվածքը և ռեսուրսային պահանջները։ Սակայն առանձին կառավարման համակարգերն առաջացրել են կրկնվող գործընթացներ և ավելացրել են վարչական ծախսերը։

«Երկու իրավաբանական անձանց սպասարկումը պահանջում է առանձին հաշվետվողականության վարում և առաջացնում է լրացուցիչ ծախսեր՝ հատկապես հաշվապահական հաշվառման, վարչատնտեսական ապահովման, տեխնիկական աջակցության և կադրային համակարգման ուղղություններով։ Սա բերում է կրկնվող գործընթացների գոյացման և վարչական ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծով առաջարկվում է ներդնել կենտրոնացված կառավարման նոր մոդել՝ վարչական ռեսուրսների միավորման միջոցով։ ԱԱյդ նպատակով առաջարկվում է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Վերջինըս կվերանվանվի «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կստեղծվի կազմակերպության համապատասխան մասնաճյուղը։

«Միավորման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միասնական համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծում են նախագծի հեղինակները:

Նշվում է, որ հնարավոր կլինի կրճատել փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ իրականացնող հաստիքները և նվազեցնել վարչական ծախսերը։

Նախարարության ակնկալիքով՝ իրավական ակտի ընդունման դեպքում կբարձրանա կառավարման որակը, կօպտիմալացվի որոշումների կայացման գործընթացը, կկրճատվեն համաձայնեցման օղակները, կամրապնդվեն ներքին վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև կապահովվի ռեսուրսների ավելի ռացիոնալ բաշխում։