ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, անդրադառնալով բանակում մահվան դեպքերին, հայտարարել է, որ 2025-ին մահացության թվերը 2024-ի համեմատ պակասել են 40%-ով:
Նրա տվյալներով՝ 2025 թվականին բանակում մահացել է 30 զինծառայող, որոնցից 24-ի մահվան պատճառները ծառայության հետ կապված չեն եղել, իսկ 6-ի մահվան հանգամանքները վերաբերել են ծառայության ընթացքում առաջացած դեպքերին, այդ թվում՝ կայծակահարություն, հոսանքահարում, ինքնասպանություն և առողջական խնդիրներ, հայտնում է Radar Armenia-ն:
«Սա է իրականությունը։ Սա այնպիսի վիճակագրություն է, որը, իհարկե, բարդ է ասել գոհացուցիչ, քանի որ մահվանն է առնչվում, բայց չեմ կարող նաև չգնահատել, որ ունենք էական արդյունքներ ու էական տեղաշարժ», – նշել է Պապիկյանը։
Նա նաև շեշտել է, որ բանակում միջանձնային հարաբերությունների հողի վրա որևէ սպանության դեպք չի գրանցվել։
«Ամենակարևորը՝ միջանձնային հարաբերություններում չենք ունեցել դեպք, երբ մարդը մարդուն սպանում է։ Սա աննախադեպ է երրորդ Հանրապետության պատմության մեջ», – ընդգծել է պաշտպանության նախարարը։
Պապիկյանը նաև ասել է, որ ատեստավորման գործընթացը համարում է բանակում իրականացվող կարևորագույն բարեփոխումներից մեկը։
Նրա խոսքով՝ թեև այս ծրագրի գոյության մասին լայնորեն հայտնի է, սակայն շատերը ծանոթ չեն դրա բովանդակային մանրամասներին, հայտնում է 1lurer.am-ը:
«Սա մի ծրագիր է, որի մասին արդեն բոլորը գիտեն, բայց մանրամասներին, գուցե, ոչ բոլորն են տիրապետում։ Սրա արդյունքում ատեստավորվող զինծառայողները կարող են իրենց գոյություն ունեցող աշխատավարձին ավելացնել 205-470 հազար դրամ աշխատավարձ։ Սա էական բավարարում է և մեծապես փոխել է պատկերացումը բանակի մասին։ Սա նաև զինծառայողների մոտիվացիայի և վերաբերմունքի մասին է, որը էապես փոփոխության է ենթարկվել», – նշել է նախարարը։
Նրա ներկայացմամբ՝ ծրագրի ներդրման պահից ի վեր մասնակից զինծառայողների 73 տոկոսը կարողացել է հաջողությամբ հաղթահարել ատեստավորման սահմանված շեմը։
«Սա էական արդյունք եմ համարել, եթե հաշվենք, որ սկզբնական տարում այդ թիվը մի քանի անգամ պակաս էր», – հավելել է Սուրեն Պապիկյանը։





