Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 29,337 երեխա, ինչը 1524-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 30,861 ծնունդից։ Սա կազմում է ծնունդների 4.9 տոկոս նվազում։
Մինչև 1 տարեկան երեխաների մահվան դեպքերն աճել են 8 տոկոսով՝ հասնելով 207-ի՝ 2024-ի նույն ժամանակահատվածում գրանցված 191-ի փոխարեն։ Իսկ մինչև 4 տարեկան երեխաների մահվան դեպքերը 2025-ին ավելացել են 11.1 տոկոսով՝ կազմելով 251 դեպք, մինչդեռ 2024-ին այդ թիվը եղել է 226, հայտնում է Panorama.am-ը:
Մինչդեռ մեռելածնության դեպքերը նույն ժամանակահատվածում նվազել են 13 տոկոսով։ Եթե 2024 թվականի 11 ամիսներին արձանագրվել էր 414 մեռելածնություն, ապա 2025-ին՝ 360։
Ընդհանուր մահվան դեպքերի թիվը 2025-ի հունվար-նոյեմբերին կազմել է 23,109, ինչը 0.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23,250-ից։
Բնական հավելաճը 2025-ին կազմել է 6228 մարդ՝ նվազելով մոտ 18 տոկոսով 2024-ի համեմատ։
Ամուսնությունների թիվը նույնպես նվազել է 11.5 տոկոսով։ 2025-ի 11 ամիսներին գրանցվել է 12,672 ամուսնություն՝ 2024-ի նույն ժամանակահատվածի 14,315-ի դիմաց։
Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունների թիվը փոքր-ինչ աճել է՝ 3.3 տոկոսով։ 2025-ի հունվար-նոյեմբերին գրանցվել է 4419 ամուսնալուծություն։ Այսպիսով՝ յուրաքանչյուր 1000 ամուսնության հաշվով արձանագրվել է 349 ամուսնալուծություն, նախորդ տարվա 299-ի փոխարեն։





