Հունվարի 15-ի՝ առավոտյան 9։00-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում էլ ձյուն է տեղում։, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ճանապարհները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Հիմնադրամը նաև հայտնել է, որ մի շարք ճանապարհային հատվածներում առկա է մերկասառույց։ Մասնավորապես, այդպիսի երևույթ արձանագրվել է Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում։
Իսկ Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում շարունակվում է ձյան տեղումները, ինչը ևս բարդացնում է ճանապարհային պայմանները։
Չնայած եղանակային դժվարություններին՝ հանրապետության միջպետական ճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարական ծառայությունները շարունակում են իրականացնել ճանապարհների մաքրման և աղաավազով մշակման աշխատանքներ՝ տրանսպորտի անխափան շարժն ապահովելու համար։
«Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։





