AM
22 Հունվար 2026 - 08:49 AMT

ՇՄՆ-ն հերքել է FIP-ին․ COP17 համաժողովի տարբերանշանը մեկ անձից գնումով չի ձեռք բերվել

Շրջակա միջավայրի նախարարությունը հերքել է FIP(Փաստերի ստուգման հարթակի) հրապարակումը, ըստ որի՝ COP17 համաժողովի տարբերանշանը Հայաստանի կառավարությունը կամ նախարարությունը ձեռք է բերել մեկ անձից գնման եղանակով։

«Ի պատասխան 2026 թվականի «Չստացվեց մրցույթով, ստացվեց մեկ անձով, ինչպես COP-17-ի բրենդավորումը հասավ նույն սեփականատիրոջը» վերտառությամբ հրապարակման, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը՝ COP17 համաժողովի տարբերանշանը ՀՀ կառավարությունը կամ շրջակա միջավայրի նախարարությունը մեկ անձից գնումով ձեռք չի բերել։

COP17 համաժողովի կազմակերպման շրջանակում բրենդավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2025 թվականի հունիսի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է հրատապ բաց մրցույթ։ Մրցույթին մասնակցել է 5 կազմակերպություն։ Գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված մասնակից է ճանաչվել «Դոպինգ» ՍՊԸ-ն, քանի որ վերջինիս առաջարկին տրված գործակիցների (գինը, որակը, դրանց հարաբերակցությունը) հանրագումարն ամենաբարձրն է եղել։

Մրցույթի մասնակիցներից մեկը դատական կարգով վիճարկել է արդյունքները, դատարանն անվավեր է ճանաչել ընտրված մասնակցի որոշումը՝ վճռի հիմքում դնելով հայտի գնահատման որոշակիության խնդիրներ։ Վճռով նաև պարզաբանվել է, որ ընտրված մասնակցի որոշումն անվավեր ճանաչելու պայմաններում գնահատող հանձնաժողովի համար ծագում է հայտերը գնահատելու գործողությունը կրկին իրականացնելու պարտականություն, ինչն ամենևին չի նշանակում դատարան դիմած մասնակցի հաղթանակ մրցույթին։

Այդ ընթացքում իրատեսական հնարավորություն է առաջացել COP17 համաժողովի տարբերանշանն առանց ՀՀ պետական բյուջեից ֆինանսական միջոցների ներգրավման ձեռք բերելու, ինչի արդյունքում վերացել է գնման անհրաժեշտությունը և այդ հիմքով ընդունվել է Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N 1471-Ա որոշումը։ Արդյունքում, COP17 համաժողովի տարբերանշանը ձեռք բերելու համար ՀՀ պետական բյուջեից չի ծախսվել ոչ մի դրամ, իսկ տարբերանշանի շնորհանդեսը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում և բարձր գնահատանքի արժանացել միջազգային գործընկերների կողմից»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Նախարարությունը պարզաբանել է նաև, որ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի հետ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագիրը, որի վրա հղում է արվել հրապարակման մեջ, առնչություն չունի տարբերանշանի հետ, այլ վերաբերում է COP17 համաժողովի կազմակերպչական աշխատանքներին։

«Ավելին, նմանատիպ պայմանագիր է կնքվել նաև այլ կազմակերպության հետ, քանի որ COP17 համաժողովի տարբեր միջոցառումներ անցկացվելու են տարբեր վայրերում։ Հարկ է նշել, որ COP17 համաժողովը հանդիսանում է խոշոր միջազգային միջոցառում, որի պատշաճ, արդյունավետ և անխոչընդոտ անցկացումը բացառիկ և կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Ընդհանրապես, ՄԱԿ կոնվենցիաների կողմերի համաժողովների կազմակերպման գործընթացը ենթադրում է միջազգային համագործակցության առանձնահատուկ ձևաչափ, որը հաճախ իրականացվում է կարճ ժամկետներում, սահմանված տեխնիկական, ծրագրային և միջավայրային պայմանների խիստ պահպանմամբ։

Գործնականում, համաժողովների կազմակերպման ընթացքում միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, հանդես են գալիս որպես համակազմակերպիչներ և առաջնային որոշումներ կայացնողներ՝ ի դեմս իրենց մանդատային մարմինների։ Նրանք հաճախ նախապես սահմանում են թե՛ միջոցառման կազմակերպման կոնցեպտը, և թե՛ անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեսակը, ծավալը, ինչպես նաև՝ մատուցող կոնկրետ կազմակերպությունը՝ ելնելով մասնագիտական փորձից, որակի երաշխիքից և գործընթացի սեղմ ժամկետներից։ Այսպիսի պարագայում դասական մրցակցային ընթացակարգերի կիրարկումը կարող է անհամատեղելի լինել միջազգային գործընկերների պահանջների և ժամանակային սահմանափակումների հետ՝ վտանգելով համաժողովի պատշաճ կազմակերպումն ու Հայաստանի նկատմամբ որպես հյուրընկալող երկրի վստահության պահպանումը։

Վերը նշված հանգամանքով է պայմանավորված նաև, որ կառավարության որոշմամբ բացառություն է սահմանվել Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի կողմերի համաժողովների կազմակերպման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերումը մեկ անձից գնման միջոցով իրականացնելու համար։

Այս համատեքստում, չնայած այն հանգամանքին, որ COP17 համաժողովի կազմակերպչական աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1187-Ա որոշմամբ շրջակա միջավայրի նախարարությանը թույլատրված էր ծառայության ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով, այնուամենայնիվ, նախարարությունը հայտարարություն է տարածել և կազմակերպություններին հրավիրել է համագործակցության՝ COP17 համաժողովի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Արձագանքել են 12 կազմակերպություններ, որից հետո ՄԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից իրականացվել է սելեկտիվ գործընթաց, կազմվել է ընտրված 6 կազմակերպությունների կարճ ցուցակ, որոնք հրավիրվել են հարցազրույցի։ Արդյունքում առաջադրված բոլոր պահանջներին լավագույնս համապատասխանող կազմակերպությունները ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» Կոնվենցիայի քարտուղարության կողմից ընտրվել են ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ նման եղանակով ապահովելով ձեռք բերված ծառայության նկատմամբ պատասխանատու և մասնակցային որոշման կայացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը հորդորել է զերծ մնալ չհիմնավորված պնդումներից և պահպանել տեղեկատվության մատուցման անաչառությունն ու օբյեկտիվությունը։

FIP հարթակից պահանջվել է պաշտոնապես հերքել 2026 թվականի հունվարի 19-ի հրապարակման մեջ ներառված պնդումները և օրենքով սահմանված կարգով հրապարակել նախարարության հերքումը։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: