AM
22 Հունվար 2026 - 09:32 AMT

Արցախցիները հարազատների արտաշիրիմում են պահանջում․ «Եթե կարող եք բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում աճյունները»

Արցախյան վերջին պատերազմի օրերին զոհվածների հարազատները, ովքեր ներկայումս բնակվում են Հայաստանում, դիմել են կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով արտաշիրիմում կատարել և տեղափոխել իրենց հարազատների մասունքները:

Բողոքի ակցիայի մասնակից «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանն ասել է․ «Ադրբեջանի հետ առևտուր եք սկսել, նավթ, բենզին, վաղն էլ գազար ու լոլիկ կբերեք, բա էս մարդկանց հարցերը ե՞րբ եք լուծելու։ Սա էլ հո անհետ կորածների հարցը չի՞։ Տեղը գիտեք,նույնիսկորոնողական աշխատանքներ պետք չեն, եթե կարող եք բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում այս մարդկանց հարազատների աճյունները», հայտնում է Aysor.am-ը:

Ըստ Ստեփանյանի՝ տարբեր գերատեսչություններից ծնողներին պատասխանում են, թե միշտ բարձրաձայնում են այդ հարցի մասին, մինչդեռ ոչ ոք ոչնչով չի զբաղվում։

«Այստեղ այն մարդիկ են, ովքեր մինչև վերջ մնացին Արցախում, նրանց զավակները, ամուսիները, հայրերը մինչև վերջ կռիվ տվեցին ադրբեջանական ասկյարի դեմ, զոհվեցին։ Բոլորս հիշում ենք այն կադրերը, որ մարդիկ հողը փորում են, հարազատին հուղարկավորում։ Նրանք դուրս եկան Արցախից՝ հույսով, որ շուտով կվերադառնան»,-լրագրողների հետ զրույցում ասել է տեփանյանը։

Նրա խոսքով՝ այն պայմաններում, երբ Արցախ վերադարձի հույսը մարել է, իսկ վարչապետ Փաշինյանը կոչ է արել մոռանալ այդ հեռանկարի մասին, խնդիրը դարձել է առավել հրատապ, հատկապես Ադրբեջանի հարթակներում շրջանառվող՝ հայոց շիրիմների պղծման կադրերի ֆոնին։

«Մարդիկ ցանկանում են հարազատների մասունքները տեղափոխել, որպեսզի խնկարկելու հնարավորություն ունենան։ Նրանց խնդրանքներին, նամակներին որևէ պատասխան չի եղել»,- նշել է Ստեփանյանը, հայտնում է Panorama.am-ը:

Զոհվածներից մեկի հարազատը՝ տիկին Բելլան, նամակով դիմել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին։ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, թե «միշտ բարձրաձայնում են խնդիրը»։

Այս պատասխանն զայրացրել է արցախցիներին։

«Դե կներեք էլի, պապս էլ է բարձրաձայնում, է հետո՞։ Որոնողական աշխատանքներ պետք չեն, մարդիկ տեղը գիտեն, ինչո՞ւ չեք բերում։ Հումանիտար խնդիրները եթե չեն կարողանում լուծել, ուրեմն իշխանությունը բանի պիտանի չէ, պետք է հեռանա։ Էս մարդիկ մաշվում են»,- բարկացած արձագանքել է Ռուզան Ստեփանյանը։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նամակ հանձնել կառավարությանն՝ առաջարկելով Նիկոլ Փաշինյանին 2–3 օրվա ընթացքում հրատապ հանդիպում կազմակերպել՝ Արցախում հարազատների մարմինները թողած ընտանիքների հետ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։