Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-ասվում է գրառման մեջ:
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից մեկնել է Հայաստան՝ բուժման նպատակով։ 2025-ի դեկտեմբերի վերջին հաղորդվել էր, որ Բաքվի բանտում նրա առողջական վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։





