AM
23 Հունվար 2026 - 09:15 AMT

Երևանի քաղաքապետարանը վճռաբեկ բողոք է ներկայացրել կարմիր գծերի թանկացման գործով

Երևանի քաղաքապետարանը վճռաբեկ բողոք է ներկայացրել կարմիր գծերի թանկացման գործով։ Այդ մասին հայտնել է քաղաքապետարանի լրատվական վարչության ղեկավար Օֆելյա Սիմոնյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու ներկայացրած բողոքը՝ վերահաստատելով, որ ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) սակագների բարձրացումը ոչ իրավաչափ է։

Քաղաքապետարանը տեղեկացրել է, որ Վերաքննիչ վարչական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից մեկ ամիս անց և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանում։

Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված ժամկետում, օգտվել է այդ հնարավորությունից և վճռաբեկ բողոք է ներկայացրել։

Վարչական դատարանը մասամբ բավարարել էր «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Երևանի ավագանու 2025 թվականի տեղական վճարների որոշման մի մասը, մասնավորապես՝ ավտոկայանատեղիների սակագների բարձրացման վերաբերյալ կետերը։

Երևանի ավագանին այդ որոշման դեմ բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարանում, սակայն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին մերժել էր բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատական ակտը։