AM
26 Հունվար 2026 - 09:02 AMT

Նախարար․ Վարորդական վկայականի ֆիզիկական տարբերակի կարիք այլևս չունենք

Վարորդական վկայականի ֆիզիկական տարբերակի կարիք այլևս չկա: Այդ մասին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել է հունվարի 24-ին՝ ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՆԳՆ 2025 թվականի հիմնական ծրագրերը և ռազմավարական ուղղություններում գրանցված առաջընթացը։

Անդրադառնալով տրանսպորտային միջոցների և վարորդական իրավունքի թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ նա ասել է, որ գրանցման վկայագիրը ևս հարկավոր չէ ունենալ ֆիզիկապես, եթե իրավունքները վավեր են։

Նա ներկայացրել է հարթակը, որն արդեն արժանացել է «Նորարարական նախագիծ» մրցանակին, և որի միջոցով կատարվել է մոտ 600 գործարք։ Նախարարը պարզաբանել է նաև թվային վկայականների հասանելիության կարգը։

«Հաշվառման վկայագրերը ևս թվայնացված են։ Եթե, օրինակ, պարեկը նախկինում տուգանում էր ֆիզիկական վարորդական վկայականի պլաստիկ քարտը չունենալու համար, այժմ որևէ վարչարարություն չի կատարվում․ստուգվում է՝ ունի՞ վարորդական իրավունք, թե՝ ոչ։ Վարորդական վկայականի ֆիզիկական տարբերակի կարիքն այլևս չունենք»,– ասել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ ֆիզիկական տարբերակը պահանջվում է միայն արտասահմանում, իսկ ներպետական գործարքների համար բավարար է թվայինը։

Ներկայացվել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող գործողությունները։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է մշակված ճանապարհային քարտեզի և ընթացիկ փուլերի մանրամասներով։

«Մենք մեր առաջ պլան ենք դրել՝ գործողությունների ծրագիրը պետք է ապահովենք։ Ընդ որում՝ այն լիովին համահունչ է մեր ռազմավարական առաջնահերթություններին։ Այս պահի դրությամբ ունենք փաստաթուղթ, որ եթե անցնենք մեր նախարարությունների գործողություններով՝ կնկատենք, որ կամ պլանավորել են և արդեն ավարտում են, կամ պլանավորված է՝ արդեն ընթացքի մեջ է, կամ արդեն իսկ քննարկել ենք, լուծում ենք իդենտիֆիկացրել և պետք է իրականացվի»,– ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Քննարկման շրջանակում շեշտվել է կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի ենթակառուցվածքի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը՝ ներառյալ պետական-մասնավոր գործընկերության պայմանագրերի իրականացումը, տարածքային գրասենյակների տեղորոշումը, շինարարական փուլերը, ինչպես նաև փաստաթղթերի ձևավորման ու անվտանգության չափանիշների ապահովումը։ Վարչապետի հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ նախատեսված 22 գրասենյակից 21-n արդեն տեղորոշված է։

«Ըստ մեր ֆրանսիացի գործընկերների՝ ապահովվելու է, որ բնակիչները, որոնք օգտվելու են այս ծառայությունից, առավելագույնը 30 րոպեի ընթացքում հասանելիություն կունենան գրասենյակին»,– նշել է նախարարը։

Քննարկվել է նաև միգրացիոն և քաղաքացիության ռազմավարության ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք սերտորեն կապված են ժողովրդագրական մարտավարության և վիզային գործընթացների հետ։ Ընդգծվել է քաղաքացիության ինստիտուտի վերանայման անհրաժեշտությունը՝ նշելով, որ քաղաքացիություն ստանալու դիմումները 2025-ից ամբողջությամբ իրականացվում են թվային եղանակով։

«Հունվարի 1–ին ամբողջը թվային է։ Ամբողջ վերիֆիկացիոն պրոցեսներն իրականացվում են պլատֆորմով, այդ թվում՝ հերթերի կառավարման, վճարումների գործընթացները»,– նշել է նախարար Սարգսյանը։

Ներկայացվել է նաև բնակչության պետական ռեգիստրի վերափոխման գործընթացը։ Նպատակն է ստեղծել միասնական և ճշգրիտ շտեմարան, որի տվյալները կունենան իրավական ուժ և ժամանակային կնիք։ Այդ շտեմարանը պետք է փոխարինի առանձին գերատեսչությունների կողմից վարվող տեղեկատու բազաները՝ քաղաքացիներին ազատելով ավելորդ տեղեկանքներ հայթայթելու անհրաժեշտությունից։ Դրանք համադրվելու են սահմանային կառավարման էլեկտրոնային համակարգի հետ՝ ապահովելով արդյունավետ միգրացիոն կառավարում։

Վարչապետին ներկայացվել է փետրվարից գործարկվելիք 112 օպերատիվ կառավարման կենտրոնի տրամաբանությունը, որն իր մեջ կհամախմբի Ոստիկանության և Փրկարար ծառայության գործող կենտրոնները՝ հետագայում նաև ներառելով շտապօգնության ծառայությունը։ 84-22 գործող զանգերի կենտրոնը, ըստ նախարարի, ապահովում է լիարժեք վերահսկելիություն և հետադարձ կապ։

«Աշխատակիցները համակարգով զանգը ստանում են, այն ամբողջությամբ հետագծելի է՝ երբ պատասխանեցինք, երբ հետադարձ կապ հաստատեցինք»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ նույն մեխանիզմը նախատեսվում է ներդնել ոստիկանության և հանրային այլ ծառայությունների շրջանակում։

Սարգսյանը հավելել է, որ 102 և 911 ծառայությունները նույնպես թվայնացված են, իսկ 112 կենտրոնի ամբողջական թվայնացումն ավարտին կհասցվի մինչև փետրվարի 15-ը։ Փաշինյանը նշել է, որ այս համակարգերի միավորումը մի կենտրոնում թույլ կտա արագորեն որոշել, թե որ ահազանգով որ ծառայությունը պետք է արձագանքի։

Քննարկվել է նաև Քրեական և Համայնքային ոստիկանության թվայնացման գործընթացը։ Նախարարը հայտնել է, որ այժմ ոստիկանության ծառայողները հիմնականում օգտվում են թղթային փաստաթղթերից և գրանցումներից, ինչը չի ապահովում իրական ժամանակում տվյալների լիարժեք ճանաչելիություն։

«Մենք միգուցե անձի հետ կապված ամբողջական տվյալ ունենանք, բայց երբ իրական ժամանակում կա դեպք, մենք այդ անձին չենք ճանաչում իր բոլոր դետալներով․ արդյոք անձը հաշվառված է որպես հոգեկան առողջական վիճակի հետ խնդիր ունեցող, արդյոք նա ալկոհոլամոլության հետ կապված խնդիրներ ունի, թե՝ ոչ, առհասարակ մեր տեսադաշտում հայտնվել է, թե՝ ոչ, ունի՞ վարչական խախտումներ, այլ զանցանքներ։ Այս ամբողջ տվյալներն անձի տրամաբանության մեջ Համայնքային ոստիկանությունն այլևս կարողանալու է ունենալ։ Սա, մեր տեսանկյունից, լինելու է հիմնական համակարգ, որովհետև սրան կգումարվի Պարեկային ծառայության տեղեկատվությունը, հետո արդեն՝ Քրեական և Համայնքային ոստիկանությունները պետք է հասկանան՝ ինչ լրացուցիչ աշխատանք պետք է տանեն անձանց հետ»,– ասել է նախարարը։

Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է ունենալ ընդհանուր թվային պլատֆորմ, որտեղ ոստիկանության տարբեր ստորաբաժանումները կկարողանան փոխանակել տվյալներ և ձևավորել արագ արձագանքման ռազմավարություններ։

Նախարարի խոսքով՝ Համայնքային ոստիկանության թվայնացման ամենաբարդ պլատֆորմը պատրաստ է գործարկման։ Այն նաև ներառելու է արհեստական բանականության հնարավորություններ։

«Զուգահեռ ունենք Քրեական ոստիկանության բաղադրիչը, որպեսզի քրեական ոստիկանները ևս ավելի արդյունավետ գործեն»,– ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ Պարեկային ոստիկանության հատվածն ամբողջությամբ արդեն թվայնացված է։

Քննարկման ընթացքում շեշտվել է նաև ՆԳՆ կրթահամալիրի ընդլայնման անհրաժեշտությունը՝ մարդկային ռեսուրսների կառավարման նոր մոտեցումներով։ Խոսք է գնացել նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու, հանրային հաղորդակցության դերի և ոստիկանության կառուցվածքային բարեփոխումների մասին։

Ըստ ներկայացված տվյալների՝ 2025-ին առգրավվել է 768 կգ թմրամիջոց նախորդ տարվա համեմատ 80 տոկոս աճով, բացահայտվել է խոշոր ներդրումային խարդախությամբ զբաղվող 4 խումբ, իսկ զենքի հայտնաբերման և հանձնման դեպքերը աճել են 42,2 տոկոսով։ Բացահայտվել է պետությանը հասցված 25 մլրդ դրամ վնաս։ Պարեկային ծառայությունն արձանագրել է 14 969 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 11 948-ի փոխարեն, և կազմել շուրջ 1 մլն վարչական արձանագրություն, մինչդեռ ՃՈ միջին տարեկան ցուցանիշը կազմել է 300 000։ Վարորդական իրավունքից զրկվել է 5435 քաղաքացի, հիմնականում՝ ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված։ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը 2024-ին նվազել է 45-ով, իսկ 2025-ին՝ ևս 50-ով։

Այս կապակցությամբ վարչապետը նկատել է. «Մի կողմից ասում են այսքան մարդ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, մյուս կողմից ունենք զոհերի նվազում։ Այս երկու թվերը պետք է իրար հետ ներկայացնել»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով բարեփոխումների արդյունավետությանը՝ նախարարը նշել է, որ մեծ քանակով առգրավված թմրամիջոցների ցուցանիշը պայմանավորված է ուշադրության կենտրոնացման քաղաքականությամբ արտադրության և ներմուծման շղթաների վրա, ինչը թույլ է տվել կանխել փոքր քանակների շրջանառությունը։

Անդրադարձ է եղել նաև Ոստիկանության գվարդիայի գործառույթների ընդլայնմանը։

«Այժմ ունենք Ոստիկանության գվարդիայի հետիոտն կարգախմբեր, որոնք շրջում են բակերում, տարբեր հրապարակներում, այգիներում, ունենք թմրամիջոցների, սառը զենքերի հայտնաբերման դեպքեր։ Ոստիկանության գվարդիան չպետք է իրեն ընկալի միայն հավաքների ժամանակահատվածում հասարակական կարգն ապահովող, նրանք Ոստիկանության ծառայող են և ցանկացած ազատ ժամանակահատվածում պետք է լծված լինեն ոստիկանի առջև դրված խնդիրների իրականացմանը։ Ունենք 146 դեպք, որոնք 2 ամսվա ընթացքում բացահայտվել են Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից»,– ամփոփել է նախարարը։

Ներկայացվել է նաև սահմանահատումների վիճակագրությունը։ 2025 թվականին, Քովիդ համավարակի տարին հաշվի չառնելով, ՀՀ քաղաքացիների մուտքերի և ելքերի տարբերությունը գրանցվել է դրական՝ կազմելով 8660։ Ընդհանուր սալդոն կազմել է շուրջ 30 500, ինչը մատնանշում է Հայաստանի միգրացիոն պատկերի փոփոխությունը՝ երկիրը դառնալով ոչ թե միայն տարանցիկ, այլ նաև մուտքի ուղղություն։

Փրկարար ծառայության ոլորտում ներկայացվել են կառուցվածքային բարեփոխումներ, նոր շենքերի բացումներ, նոր տեխնիկայի ձեռքբերում և համազգեստի մատակարարում՝ միտված արձագանքման արդյունավետության բարձրացմանը։