AM
27 Հունվար 2026 - 10:48 AMT

Բերեզովսկի. Վաղուց ժամանակն է, որ Սպերցյանը խաղա Եվրոպայում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին ասել է, որ վաղուց ժամանակն է, որ «Կրասնոդար» ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը խաղա Եվրոպայում։

Նա հույս է հայտնել, որ եթե ոչ ձմռանը, ապա ամռանը տրանսֆերը կկայանա:

«Հուսով եմ, որ Սպերցյանի տեղափոխությունը կկայանա 2026 թվականին։ Նա վաղուց է բարձրակարգ խաղ ցուցադրում և վաղուց ժամանակն է քայլ կատարել դեպի եվրոպական առաջնություն։ Կարևոր է հասկանալ, թե կոնկրետ որտեղ կտեղափոխվի նա։ Սպերցյանի տվյալները լիովին բավարար են թոփ-5 լիգաների մեծ ակումբներում խաղալու և իր մասին բարձրաձայնելու համար»,- ասել է նա, գրում է Metaratings.ru-ն։

Սպերցյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ընթացիկ ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատել է 25 միլիոն եվրո։

Էդուարդ Սպերցյանը հանդիսանում է «Կրասնոդարի» ակադեմիայի սան ու հանդես է եկել հիմնական թիմի կազմում արդեն 168 խաղում՝ գրանցելով 53 գոլ և 45 գոլային փոխանցում։