AM
28 Հունվար 2026 - 12:14 AMT

N147 հիմնական դպրոցում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը

N147 հիմնական դպրոցում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Դպրոցը կրում է նրա անունը:

Աբաջյանի արձանին գրված են նրա հայտնի խոսքերը, որոնք զոհվելուց առաջ ասել էր. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել….. էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ՝ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը…», հայտնում է Aysor.am-ը:

Դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանն ասել է, որ Ռոբերտ Աբաջյանը հայրենիքը կյանքից բարձր է դասել։

«Այսօր բանակի օրն է ու պատահական չի ընտրված այս օրը, թող յուրաքանչյուր զինվոր զգա հայրենիքի սերը, փա՛ռք Հայոց բանակին»,- նշել է նա։

Քանդակագործ Վահագն Պապոյանը պատմել է Ռոբերտ Աբաջյանի արձանի գաղափարի մասին։

«Երևի թե Աստծո նախախնամությունն էր առաջին հերթին, որ այդ պատիվն ընձեռնվեց ինձ՝ քանդակելու Ռոբերտ Աբաջյան հերոսին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ քանդակում փորձել է ներկայացել Ռոբերտի կյանքի վերջին պահը՝ կորցրել է ամեն ինչ և հանուն իր հողի, հայրենիքի, տալիս է ամենաթանկը՝ կյանքը:

«Ռացիան, նռնակը… Նռնակը ձեռքին է ու պատրաստվում է քաշել կալցոն՝ իր հետ տանելու թշնամուն»,-ասել է քանդակագործը:

Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի հայրն ասել է․ «Արձանը որ տեսա, մենակ գլուխն էր սարքած։ Էդ պահին մաման զանգեց, հարցրեց՝ ուր ես, ասացի՝ Կյաժի մոտ կանգնած եմ, այ էդքան նման է։ Սպասում էի՝ Ռոբերտիս երբ են բերելու դպրոց, ուշ, թե շուտ պետք է լիներ, այս տարի իր 30-ամյակն է, ու ինքն արդեն իր դպրոցում կլինի», հայտնում է Sputnik Արմենիան:

Աբաջյանը զոհվել է 2016-ի ապրիլյան պատերազմում։ Նա 19 տարեկան էր։

Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996թ․ նոյեմբերի 16-ին։ Զոհվել է Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ` ապրիլի 2-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին` Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում՝ իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանը բաց է թողնում նռնակը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորի։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։