AM
29 Հունվար 2026 - 07:07 AMT

Կոնդի եկեղեցու հոգևոր հովիվն իր դիմումի համաձայն ազատվել է Արարատյան թեմի համակարգողի պարտականություններից

Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն իր դիմումի համաձայն՝ կապված հովվական ծառայության մեծ ծանրաբեռնվածության հետ, այս տարվա հունվարի 19-ից ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պաշտոնից։ Այս մասին ասվում է Qahana.am կայքում։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին հանձնել է շնորհակալագիր:

«Սույն շնորհակալագրով բերում ենք մեր օրհնությունը և գնահատանքը Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին՝ որպես Հայ Եկեղեցու Արարատյան թեմի անդաստանում իր առաքելությունն իրականացնող հավատարիմ և նվիրյալ հոգևորականի»,-ասվում է շնորհակալագրում: