AM
29 Հունվար 2026 - 09:17 AMT

ՌԴ-ում վերսկսվել է քննությունը Խաչատուրյան քույրերի հանդեպ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերսկսել է քրեական գործի քննությունը Անգելինա, Մարիա և Կրեստինա Խաչատուրյանների նկատմամբ, ովքեր մեղադրվում են 2018 թվականին իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։ Այդ մասին ասել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը, գրում է «Կոմերսանտը»:

Փաստաբանի խոսքով՝ քննությունը վերսկսվել է պարզելու համար՝ արդյոք քրեական արարքը եղել է անհրաժեշտ ինքնապաշտպանության դրսևորում, թե համարվում է սպանություն։ Նա նշել է, որ պաշտպանության կողմը դեռ չի ստացել Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը Միխայիլ Խաչատուրյանի գործով։ Ստանալուց հետո նախատեսվում է դատարան ներկայացնել քույրերի դեմ քրեական գործի դադարեցման միջնորդություն։

Միխայիլ Խաչատուրյանի ընտանիքի ներկայացուցիչ Գեորգի Չուգուաշվիլին հայտնել է. «Քույրերին կներկայացվի նույն մեղադրանքը՝ սպանություն: Մենք վիճարկում ենք սպանության շարժառիթը, նրանք պնդում են, թե նա բռնաբարել է իրենց, մենք չենք հավատում այդ պնդումներին, գործի նյութերում ապացույցներ չկան»:

2018 թվականի հուլիսին քույրերը ձերբակալվել են՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ կասկածանքով։ Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ՝ նախապես համաձայնեցված սպանության հոդվածով, որը նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Քույրերը նշել են, որ տարիներ շարունակ ենթարկվել են հոր կողմից բռնության և սեռական շահագործման։ Փորձաքննությունը հաստատել է այդ վկայությունները։

Գործը հասել է դատարան, սակայն վերադարձվել է դատախազություն։ Այն մեծ հանրային արձագանք է առաջացրել․ Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվել են համերաշխության ակցիաներ և ընտանեկան բռնության դեմ բողոքի ցույցեր։

2021 թվականին քրեական գործ է հարուցվել արդեն Միխայիլ Խաչատուրյանի դեմ։ Այն քննվել է փակ ռեժիմով։ Սկզբում նրան մեղադրել են դաժան վերաբերմունքի և սեռական բռնության մեջ, հետագայում մեղադրանքը խստացվել է՝ ներառելով նաև առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու հոդվածը։

2025 թվականի ապրիլին Մոսկվայի Բուտիրյան շրջանային դատարանը Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել։ Քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան կապակցությամբ։ Դատախազությունը նշել է, որ մեղավորությունն ապացուցված է, ու բացակայում են արդարացման հիմքերը։ Այս դիրքորոշմանը միացել է նաև քույրերի պաշտպանությունը։