AM
30 Հունվար 2026 - 10:51 AMT

Եթե անձը չունի սմարթֆոն, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկն է ակտիվացնում ԱՐՄԵԴ հավելվածը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ասել է, որ եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկն է ակտիվացնում ԱՐՄԵԴ-ի դաշտերը:

«Եթե անձը չգիտի՝ ինչպես ներբեռնել կամ ինչպես գործարկել ԱՐՄԵԴ հավելվածը, այս պարագայում մոտենում է առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, և օգնում են գործընթացն իրականացնել։ Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկը բացում է ԱՐՄԵԴ-ի տեսանելի դաշտերը, և այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում՝ ներկայացնելով պացիենտին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նախարարը վստահեցրել է, որ սմարթ հեռախոս չունենալը որևէ սահմանափակում չի ստեղծում:

«Եթե մարդը սմարթ հեռախոս չունի, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից օգտվելու խնդիր կունենա։ Մի այլ հանգամանք էլ. եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր ԱՐՄԵԴ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ-ինչ պատճառներով ընկել է շտապօգնության միջոցով հիվանդանոց, սա ևս խոչընդոտ չէ՝ իրացնելու իրավունքը։ Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակներում հաստատումը կիրականացվի, և նա կստանա իր բժշկական օգնությունը»,-ասել է նախարարը:

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվել են նաև թոշակառուները: