ԱՐՄԵԴ համակարգում բուժհաստատությունների կողմից բուժառուների այցերը հստակորեն գրանցելու և անճշտությունները բացառելու նպատակով առաջիկայում նախատեսվում է ընդունարաններում ներդնել համապատասխան տեխնիկական հնարավորություններ։ Այդ մասին հայտնել է ԱՐՄԵԴ-ի ղեկավար Ավետ Մանուկյանը:
Նա նշել է, որ վերջերս քաղաքացիների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ իրենք ԱՌՄԵԴ հավելվածում նկատել են բժշկի այցերի գրառումներ, որոնք փաստացի չեն կատարվել, հայտնում է Արմենպրեսը:
«Հիմնականում խնդիրը պայմանավորված է թղթից սխալ մուտքագրումներով։ Եթե բժիշկն ուղիղ, առցանց աշխատում է ԱՐՄԵԴ-ում, նման սխալներ գրեթե չկան, որովհետև ԱՐՄԵԴ-ն ու բնակչության պետական ռեգիստրն իրար կապված են։ Հիմնականում նման սխալներ լինում են այն բուժհիմնարկներում, որտեղ թղթի վրա ինչ-որ գրառումներ են կատարվում, հետ տրամադրվում են օպերատորին մուտքագրելու համար»,-պարզաբանել է Մանուկյանը:
Նա չի բացառել թղթային տարբերակով տեղեկատվությունը հավելված մուտքագրելու ընթացքում անուշադրության հետևանքով անճշտությունները, որոնց դեպքում երբեմն մի անձի առողջապահական տվյալները վերագրվում են մեկ ուրիշի։
Նրա խոսքով՝ խնդիրը լուծելու նպատակով նախատեսվում է ներդնել մեխանիզմ, որի կիրառմամբ բուժհաստատության ընդունարանում այց կատարողը նախ նույնականացվելու է, և այդ նույն պահին նրա ներկայությունը կարձանագրվի տեսախցիկի միջոցով։
Ըստ Մանուկյանի՝ չնայած այս մեթոդը որոշ անհարմարություններ կարող է առաջացնել, այնուամենայնիվ հնարավորություն կտա կանխել տեղեկությունների աղավաղումները և բժշկական սխալ գրառումներ։
Նա նաև հավելել է, որ ԱՐՄԵԴ համակարգում նոր գործիքակազմն արդեն առկա է, իսկ դրա ներդրումը կսկսվի մոտ ապագայում և կիրականացվի փուլային ձևով։
Համաձայն ներկա կարգավորումների՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլում ընդգրկվել են մինչև 18 տարեկան անձինք, 65 և բարձր տարիք ունեցողները, 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողները, հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, սոցիալական աջակցություն ստացողները և զոհված զինծառայողների ընտանիքները։ Այս խմբերի ընդհանուր շահառուների թիվը կազմում է մոտ 1 միլիոն 500 հազար մարդ։





