Հունվարի 14-ին ադրբեջանական գերությունից վերադարձած և սրտի վիրահատության ենթարկված Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այդ մասին հայտնել է նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը:
Նա տեղեկացրել է, որ հայրը հիվանդանոցից դուրս է գրվել հունվարի 30-ին և այժմ գտնվում է տանը, հայտնում է Auroranews.am-ը:
«Այս պահին հետվիրահատական վերականգնողական շրջանում է։ Կարողանում է մեզ հետ խոսել, շփվել, բայց այնպես չէ, որ շատ լավ է»,- նշել է Խաչատրյանը։
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից մեկնել է Հայաստան՝ բուժման նպատակով։ 2025-ի դեկտեմբերի վերջին հաղորդվել էր, որ Բաքվի բանտում նրա առողջական վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։





