Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նախարարությունն աջակցելու է այն թոշակառուներին, ովքեր չեն կարողանում անձամբ ներկայանալ բանկ՝ նոր քարտ ստանալու կամ տարեկան հաստատման գործընթացն անցնելու համար՝ հենաշարժողական, առողջական կամ այլ օբյեկտիվ պատճառներով։
«Մենք ունենք քաղաքացիներ, որոնք չեն կարողանում տեղաշարժվել տարբեր պատճառներով՝ հիմնականում առողջական: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք այդ քաղաքացիների հարցը լուծելու ենք, իրենք անհանգստանալու խնդիր չունեն: Մենք արդեն փորձնական 10 նման քաղաքացու վարժություն ենք արել և «Հայփոստի» միջոցով քարտը և PIN-ն ուղարկել ենք տուն»,- ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը:
Նախարարն ընդգծել է, որ նման մոտեցումը կիրականացվի նաև մնացած քաղաքացիների համար, ովքեր ունեն տեղաշարժման խնդիր, և նրանց քարտերը կփոխանցվեն անմիջապես բնակության վայր։
«Որևէ խնդիր չի առաջանա, որևէ մեկը չի զրկվելու իր կենսաթոշակը կամ նպաստը ստանալու իրավունքից: Մինչև ապրիլի 1-ն այդ հարցը լուծած կլինենք»,– հավելել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ բանկային քարտերի առաքման գործընթացը կիրականացվի հստակ և համակարգված ձևով, իսկ մյուս ծառայությունների հասանելիությունը կարգավորվելու է նորարարական մեթոդներով։
Ապրիլի 1-ից բոլոր թոշակառուները թոշակներն ու նպաստները ստանալու են միայն անկանխիկ եղանակով:





