AM
5 Փետրվար 2026 - 08:33 AMT

Ազիզյան․ Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են

Ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման հեռանկարը հայտնվել է սպառնալիքի տակ՝ կլիմայի փոփոխության հետևանքով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը։

«Ներկայումս աշխարհում հաշվարկվում է 93 քաղաք, որոնք ունեն ձմեռային Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Սակայն, մոլորակի շարունակական տաքացման պայմաններում այդ հնարավոր քաղաքների շրջանակը արագորեն նեղանում է։ Այս շաբաթ հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2050 թվականը ընդամենը չորս քաղաք կկարողանան ընդունել ձմեռային Օլիմպիական խաղերը առանց արհեստական ձյան օգտագործման»,-ասվում է գրառման մեջ:

Ազիզյանի խոսքով՝ այս հարցը դարձել է առաջնահերթ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համար, որը պատրաստվում է փետրվարին մեկնարկող 2026 թվականի ձմեռային խաղերին Իտալիայում՝ Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում։

ՄՕԿ-ը քննարկում է մի շարք հնարավորություններ՝ բարձր ջերմաստիճաններին արձագանքելու համար, այդ թվում՝ Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերի միավորումը, մրցումների անցկացումը տարբեր քաղաքներում կամ անգամ խաղերի ավանդական մեկնարկի ամսաթվի փոփոխությունը՝ տարվա ամենացուրտ շրջաններում առավելագույն հնարավորությունից օգտվելու նպատակով։

Ըստ հրապարակված հետազոտության՝ ներկայումս գոյություն ունեցող 93 հնարավոր հյուրընկալող վայրերից մինչև 2050 թվականը կլիմայական պահանջներին համապատասխան կկարողանան մոտ 45–55-ը, իսկ մինչև 2080-ականները՝ ընդամենը 30–54-ը։

Ջերմաստիճանի բարձրացումը ազդեցություն է թողնում ոչ միայն ձմեռային, այլև ամառային Օլիմպիական խաղերի վրա։

Լևոն Ազիզյանը հիշեցրել է, որ 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ մարաթոնի մրցաշարերը տեղափոխվել են Սապպորո՝ սաստիկ շոգից խուսափելու նպատակով։ Բացի այդ, 2032 թվականին նախատեսվող Բրիսբենի ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան ձմռանը՝ ավելի բարենպաստ կլիմայական պայմաններից օգտվելու նպատակով։