AM
5 Փետրվար 2026 - 09:06 AMT

«Ռոսիա» տոնավաճառի աշխատողները դուրս են եկել բողոքի ակցիայի` նրանց այլ տարածք են առաջարկել

Երևանի «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները դուրս են եկել բողոքի ակցիայի՝ իրենց ստիպում են լքել զբաղեցրած տարածքը։

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող տոնավաճառի աշխատակիցները հավաքվել են տոնավաճառի մուտքի մոտ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք 30 տարի այստեղ ենք աշխատել, տեղ ենք վարձակալել, այն տեղերը, որ մեզ առաջարկում են, մեր սրտով չեն։ Լավ, մենք այս երկրում չե՞նք կարողանալու մեր շահերի համար պայքարել»,–ասել է վաճառականներից մեկը։

Տոնավաճառի ղեկավարության ներկայացուցիչներից մեկը, որը դուրս է եկել ցուցարարների հետ քննարկման, նշել է, որ աշխատակիցներին աշխատանքից չեն ազատում, այլ առաջարկում են տեղափոխվել այլ վայր, ինչին վերջիններս դեմ են արտահայտվել։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ վաճառականներին առաջարկվել են տաղավարներ «Երևան» տոնավաճառում։

«Պատկերացրեք դուք վարձակալն եք, տանտերն ուզում է իր տունը վերանորոգել, ասում եք մենք դեմ ենք։ Ձեզ չեն հանում ու ասում` գնացեք ձեր տները»,–ցուցարարների հետ զրույցում ասել է ղեկավարության ներկայացուցիչը։

Աշխատակիցներից մեկը նշել է, որ խնդիրը կապված է այն հանգամանքի հետ, որ իրենց կողմից վարձակալած տարածքը նախատեսվում է փոխանցել մի քանի հայտնի բրենդների։

«Այսքան մարդ մնում է առանց գործի, մարդիկ վարկերի տակ են։ Թող էլի վերանորոգեն, սիրուն բուտիկներ սարքեն, բայց տան մեզ։ Թող վարձն էլ մի քիչ ավել լինի, բայց մենք մեր տեղերում լինենք»,–ասel 1 վաճառական կինը։

Մասնակիցներից ոմանք նաև հորդորել են լրագրողներին չքաղաքականացնել խնդիրը։

Նրանցից մեկը լրագրողներին է ներկայացրել իրենց վարձակալության պայմանագիրը, որը, ըստ նրա, գործում է մինչև 2030 թվականը։

«Եթե մենք ուզենք ավելի շուտ հրաժարվել վարձակալության պայմանագրից, ապա պարտավոր ենք իրենց 20 օր շուտ տեղեկացնել, բայց իրենք պայմանագրով իրավունք չունեն մեզ դուրս անել»,– ասել նա։

Ցուցարարները բողոքի ակցիայի ընթացքում կազմակերպել են ստորագրահավաք՝ պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները վերադարձվեն իրենց, ինչպես նաև տրվի մեկ տարվա ժամանակահատված ներկրած ապրանքները վաճառելու համար։