Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբը դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ համագործակցությունը շարունակելու հնարավորությունը՝ նրան առաջարկելով նոր պայմանագիր, հայտնում է Factor.am-ը՝ Calciomercato-ի վրա հղումով:
37-ամյա կիսապաշտպանն ընդգրկված է «Ինտերի» այն հինգ ֆուտբոլիստների շարքում, որոնց պայմանագրերը ավարտվում են ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Պաշտպաններ Ստեֆան դե Վրեյը, Ֆրանչեսկո Աչերբին, Մատեո Դարմիանը, ինչպես նաև դարպասապահ Յան Զոմերը ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանան միլանյան ակումբից։
Մխիթարյանի իրավիճակը, սակայն, տարբեր է, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն շարունակում է մեծ վստահություն ցուցաբերել հայ կիսապաշտպանի նկատմամբ։ Ակումբը քննարկել է նրան կարճաժամկետ պայմանագիր առաջարկելու տարբերակը։
Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն հանդես է գալիս «Ինտերում» 2022 թվականից։ Այդ ընթացքում նա դարձել է Իտալիայի առաջնության չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև մասնակցել է Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչ հանդիպման։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 23 խաղի՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Իր կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկում» (2006-2009 թթ.), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010 թթ.), «Շախտյորում» (2010-2013 թթ.), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016 թթ.), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018 թթ.), «Արսենալում» (2018-2019 թթ.), ինչպես նաև «Ռոմայում» (2019-2022 թթ.)։





