Հայաստանում օրենսդրորեն սահմանվել է «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այդ մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում սահմանում ենք «անկախ կյանքի կենտրոնը»՝ որպես նոր հասկացություն և որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն, որը, անկախ կազմակերպաիրավական ձևից, կարծում ենք, որ պետք է կարգավորված լինի: Առաջարկում ենք նաև թույլ տալ աջակցող միջոցներ տրամադրելու դիմաց ֆինանսական փոխհատուցում տալ ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Նա նշել է, որ այսօր իրականացվող աջակցող միջոցների տրամադրումը թույլատրվում է ֆինանսավորել միայն պետական բյուջեի միջոցների հաշվին, որը երբեմն խոչընդոտներ է ստեղծում:
«Եվ, երբ կազմակերպություններ են ի հայտ գալիս, որոնք ուզում են այդ ամենն իրականացնել, մենք օրենքով սահմանափակված ենք»,-ասել է Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ օրինակելի դեպք է «Զինապահ» հիմնադրամի պատրաստակամությունը՝ ֆինանսավորելու պատերազմի հետևանքով վիրավորված անձանց վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման գործընթացը։
Թորոսյանը հավելել է, որ պետության կողմից ներկայումս ապահովվում է անձնական օգնականի հնարավորություն այն հաշմանդամություն ունեցող անձանց համար, որոնք ուսանում կամ աշխատում են, սակայն պայմանագրային ընթացակարգը խրթին է։
Ներկայիս կարգով կնքվում են երկու երկկողմանի պայմանագրեր՝ պետության և անձնական օգնականի, պետության և շահառուի միջև, մինչդեռ առաջարկվում է անցում կատարել մեկ միասնական եռակողմ պայմանագրի՝ հաշմանդամություն ունեցող անձի, օգնականի և Միասնական սոցիալական ծառայության միջև։
Հարակից զեկուցող Զարուհի Բաթոյանը նշել է, որ անկախ կյանքի կենտրոնները աշխարհում գործարկվում են դեռևս 1972 թվականից՝ հատկապես տարածում գտնելով Եվրոպայում։
«Դրա հիմնական նպատակն է նպաստել, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կյանքի վերաբերյալ իրենք կայացնեն որոշումներ և կյանքի բոլոր ոլորտներում կարողանան լիարժեք ներառվել: Կենտրոնները հիմնականում ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, բայց Հայաստանում առաջին կենտրոնը կստեղծվի kառավարության կողմից ու kառավարության աջակցությամբ: Դրա գործունեության կարգն ու սկզբունքները կմշակվեն ներառական սկզբունքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց, կազմակերպությունների հետ համատեղ»,-նշել է պատգամավորը։





