AM
10 Փետրվար 2026 - 10:45 AMT

ՊԵԿ-ը խաղային գործունեության կարգավորմանը վերաբերող նախագիծ է ներկայացրել

Ազգային ժողովում քննարկվում է խաղային գործունեության կարգավորման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Նրա խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը միտված է լուծելու երկու առանցքային խնդիր, հայտնում է Արմենպրեսը:

«Առաջինը վերաբերում է մրցույթի արդյունքների բողոքարկման կարգի հստակեցմանը։ Դեռ 2024 թվականին ընդունվել է խաղային գործունեության կարգավորման մասին նոր օրենք, որով սահմանվել է օպերատորի ընտրության մրցութային ընթացակարգ։

Օպերատորը կենտրոնացված մոնիթորինգային համակարգն է, որի միջոցով նախատեսվում է ամբողջական վերահսկողություն հաստատել խաղային գործունեության ոլորտում գործող կազմակերպիչների նկատմամբ՝ անկախ նրանից՝ խոսքը հողի վրա գործող խաղատների, թե առցանց խաղատների մասին է։

Այս կարգավորման գործարկմամբ հնարավորություն կունենանք վերահսկել բավականին դետալացված տարբեր տեսակի եկամուտներ և խաղադրույքներ։ Թվային ենթակառուցվածք ենք ստեղծում, որտեղ յուրաքանչյուր խաղադրույք իրական ժամանակում կգրանցվի, և Պետական եկամուտների կոմիտեն կունենա համապատասխան տեղեկատվություն»,– նշել է Գևորգյանը։

Նրա փոխանցմամբ՝ մրցութային ընթացակարգը մեկնարկել է դեռ անցած տարի։ Առաջին փուլն արդեն ավարտվել է, և ներկայում գործընթացը գտնվում է երկրորդ փուլում։

Գևորգյանը նաև ընդգծել է նախագծի երկրորդ կարևոր ուղղությունը, որը վերաբերում է դատավարական կարգավորումներին։

«Մասնավորապես՝ առաջարկվում է քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքում կատարել լրացում, որով կբացառվի այնպիսի հայցի ապահովման կիրառումը, որը կարող է հանգեցնել մրցութային գործընթացի կասեցման»,– հավելել է նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն Ազգային ժողովի նիստում բարձրաձայնել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից «Խաղային գործունեության մասին» օրենքի իրականացման ձգձգումների մասին՝ հիշեցնելով վարչապետի՝ 2024-ի հունվարին տրված հանձնարարականը։Սակայն երբ նա փորձում էր ներկայացնել չորրորդ կետը, նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը միջամտել է՝ թույլ չտալով պատգամավորին ավարտել խոսքը և հրահանգելով անջատել նրա խոսափողը։