Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի պետական միջոցառումների ընթացքում օրհներգը պարտադիր հնչելու է կենդանի կատարմամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է․ «Ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս՝ երբ խոսում ենք արարողակարգային միջոցառումների ժամանակ, պետք է ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որ կարող է լինել նվագախմբային, նվագախմբային ու երգչախմբային կամ երգչախմբային տարբերակով», հայտնում է Radar Armenia-ն:
Նախարարը նաև նշել է, որ գործող օրենքով սահմանված է, որ ուսումնական հաստատություններում շաբաթվա սկզբում պետք է հնչի օրհներգը։
«Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ։ Այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որ օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, որոնք ներգրավված են, և սա ունի շատ կոնկրետ նպատակ», – ասել է նա։
Անդրեասյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարևոր ուղենիշ է պետականության գիտակցման և ամրապնդման համար։ Նա հավելել է նաև, որ օրհներգի ունկնդրումն ու ձայնակցությունը պետք է իրականացվեն հանդիսավոր ձևով՝ աջ ձեռքը կրծքին դնելով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է հարցին՝ նշելով, որ մի շարք գերատեսչություններ արդեն ունեն նվագախմբեր և երգչախմբեր, իսկ չունեցողները կարող են համապատասխան խմբեր հրավիրել։
«Եթե միջոցառում է, որ օրհներգ պետք է հնչի, նշանակում է՝ այդ միջոցառումը բյուջե ունի, կարելի է այդ բյուջեից ուրիշ ատրիբուտների ավելի քիչ տրամադրել ու հրավիրել երգչախմբերի ու նվագախմբերի», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ խոսքը ֆինանսական հոսքերի որոշակի վերաուղղման մասին է դեպի մշակույթի և արվեստի ոլորտներ։
Նրա խոսքով՝ պետական հիմնարկներում ևս հնարավոր է ձևավորել խմբեր և երգչախմբեր, որոնք կկատարեն օրհներգը։
«Իհարկե այդտեղ մի քիչ երգելու ընդունակության ու տաղանդի հարց կա, բայց սա էլ մի հարց է, որ ևս մի հետաքրքիր էլեմենտ կմտնի պետական համակարգում աշխատելու երբեմն միօրինակ առօրյայի մեջ»,-ասել է նա:





