AM
16 Փետրվար 2026 - 07:52 AMT

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողները

Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 110 ծանրորդ։

Մրցումների վերջին օրը՝ փետրվարի 15-ին, հայտնի են դարձել 94 կգ, 110 կգ և +110 կգ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները։ Տղամարդկանց +110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտում գրանցելով 440 կգ արդյունք։ Արծաթե մեդալը նվաճել է Սիմոն Մարտիրոսյանը՝ 405 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը՝ 377 կգ ցուցանիշով։

110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ երկամարտում ցույց տալով 380 կգ արդյունք։ 94 կգ քաշային կարգում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Ավելի վաղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանացել են նաև 60 կգ քաշային կարգում Գառնիկ Չոլաքյանը (երկամարտ՝ 272 կգ), 65 կգ քաշային կարգում Ժորա Գրիգորյանը (երկամարտ՝ 254 կգ), 71 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը (երկամարտ՝ 330 կգ), 79 կգ քաշային կարգում Մարտին Պողոսյանը (երկամարտ՝ 337 կգ) և 88 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը (երկամարտ՝ 350 կգ)։