AM
16 Փետրվար 2026 - 14:45 AMT

Գրիգորյան. Փոխհատուցումներից բժշկի աշխատավարձի տոկոսը չնչին է

«Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում բժիշկ Գևորգ Գրիգորյանը մի շարք խնդիրներ բարձրաձայնել՝ անդրադառնալով համակարգի գործարկման առաջին շաբաթների փորձին։

Նրա խոսքով՝ թեև համընդհանուր առողջության ապահովագրությունը Հայաստանի համար անհրաժեշտություն է և կարող է դառնալ «փրկօղակ» պացիենտների համար, սակայն ներկայումս այն ներդրվում է լուրջ թերություններով, իսկ փոխհատուցումներից բժշկի աշխատավարձի տոկոսը չնչին է, հայտնում է Aysor.am-ը:

«Գրեթե ամիսուկես է՝ համակարգը գործում է, բայց բազմաթիվ բուժկենտրոններ դեռ չունեն գնացուցակներ, համապատասխան կոդեր և չեն կարողանում այդ կոդերով պացիենտներին սպասարկել։ Իմ ծանոթներն ասում են, որ որոշ բուժկենտրոններում առաջարկում են այլ կոդերով սպասարկել՝ մինչև խնդիրը կլուծվի։ Նման կերպ առողջության ապահովագրություն չեն ներդնում»,-ասել է Գրիգորյանը։

Բժշկի գնահատմամբ՝ համակարգը պետք է լուծի առողջապահական ոլորտում առկա խնդիրները, այլ ոչ թե նոր բարդություններ ստեղծի։

«Մենք վստահ ենք, որ համընդհանուր առողջության ապահովագրությունն անհրաժեշտ է Հայաստանի համար։ Բայց ոչ այս կերպով, ոչ բուժաշխատողի տանջանքը կոպեկներով վարձատրելու հաշվին, և ոչ այն մեթոդաբանությամբ, որ հիմա կիրառվում է։ Համակարգը պետք է հարցեր լուծի, ոչ թե նոր հարցեր առաջացնի»,-ասել է նա:

Քննարկման կազմակերպիչները, ըստ նրա, պաշտոնական հրավերներ են ուղարկել առողջապահության նախարարությանը, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովին և այլ պատասխանատու կառույցների՝ լսելու հակափաստարկներն ու ձևավորելու կառուցողական քննարկում։ Սակայն, բժիշկի փոխանցմամբ, պատասխանատու մարմինների ներկայացուցիչները չեն մասնակցել հանդիպմանը։

Գրիգորյանը նաև ասել է, որ ընդունված և արդեն գործող օրենքը, իր կարծիքով, խախտում է պացիենտի հիմնարար իրավունքները։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։