AM
18 Փետրվար 2026 - 10:13 AMT

Փետրվարի 17-ին օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով

Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցման հետևանքով վերջին հինգ օրերի ընթացքում Հայաստանում արձանագրվել է արտասովոր բարձր ջերմային ֆոն։

Փետրվարի 17-ին օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով, իսկ մի շարք շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է տվյալ օրվա երբևիցե դիտված առավելագույն արժեքները, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հանրապետության տարածքում` փետրվարի 18-19-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 18-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային հատվածներում, Գեղարքունիքում և Սյունիքում կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 24-28 մ/վրկ արագությամբ։

Առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 18-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճնաով:

Երևանում փետրվարի 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։