AM
18 Փետրվար 2026 - 13:28 AMT

Օնլայն տաքսու վարորդները պահանջում են, որ իրենց գրանցեն որպես աշխատող

Օնլայն տաքսիների վարորդները պետտուրք են վճարում, ամսական վաստակում են 200 հազար դրամից ավելի գումար, սակայն չեն համարվում գրանցված աշխատող, ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

«Օնլայն տաքսիների վարորդների իրավունքները տոտալ ոտնահարվում են, և Հայաստանում չկա մի կառույց՝ ոչ Մարդու իրավուքնների պաշտպանը, ոչ ՏԿԵՆ-ը, ոչ էլ մեկ ուրիշը, որ զբաղվի նրանց իրավունքների պաշտպանությամբ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Վարորդները դիմել են նրան իրենց սոցիալական խնդիրների և իրավունքների խախտումների մասին հանրային բարձրաձայնում ապահովելու նպատակով։

«Մարդը վաղը թոշակ չի ստանա, գնում է բանկ, վարկ չեն տրամադրում։ Սա պետության կողմից ռեկետ է»,-ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվել է օրական 10 ժամ աշխատած և ամսական 200 հազար դրամ ու ավելի եկամուտ ստացած անձանց գրանցել որպես աշխատող։

«Մենք սա համարում ենք անարդար։ Ստորագրահավաքը կշարունակվի երկու օր, դրանից հետո պահանջները կներկացվեն կառավարությանը, եթե քայլեր չձեռնարկվեն, ապա տաքսու վարորդները նախաձեռնելու են խաղաղ անհնազանդության ակցիաներ»,-ասել է Մանուկյանը։

Ակցիային միացել է նաև տաքսու կին վարորդ Սաթենիկ Վարդանյանը։

«Ոչ մի տեղ մեզ աշխատող չեն դիտարկում, մենք պահանջում ենք մեզ գրանցել, որ դիտարկվենք հիմնական եկամուտ ունեցող մարդիկ»,-ասել է նա։

Ակցիայի մասնակից մեկ այլ վարորդ էլ զգուշացրել է, որ պահանջների չկատարման դեպքում պատրաստվում են մեքենաներով դուրս գալ բողոքի ակցիայի։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե 500 մեքենա դանդաղ քշեն քաղաքով»,-ասել է նա։