Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և եղբայրները վերադարձվել են իրենց մոր խնամքին,սակայն ընտանիքը շարունակելու է գտնվել համապատասխան կառույցների վերահսկողության ներքո,գրում է Auroranews.am-ը:
Հաղորդվել է նաև, որ ընտանիքին տրամադրվել է ֆինանսական աջակցություն: Երեխաներն արդեն հաճախում են դպրոց։
ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասել է․«Երկու հանգամանք է աշխատել երեխաների վերադարձի վերաբերյալ որոշման հարցում։ Առաջինը՝ մոր խնդրանքները։ Համապատասխան օղակները՝ խնամակալության հանձնաժողովը, համայնքի պատասխանատուները բավական ժամանակ չէին շտապում երեխաների վերադարձի վերաբերյալ որոշում ընդունել, որովհետև պարզ չէր՝ այն, ինչ տեղի է ունեցել, որքանով էր մորը հայտնի: Ամենայն հավանականությամբ, համոզվեցին, որ մայրը որևէ կերպ տեղյակ չի եղել, որովհետև կայացվեց շատ կարևոր որոշում, որ երեխաները պիտի վերամիավորվեն մոր հետ», հայտնում է Factor.am-ը:
Երեխաները 6 ամիս ժամկետով են տեղափոխվել։ Եթե ամեն ինչ լավ լինի, նրանք կշարունակեն մնալ մոր մոտ, եթե ոչ, ապա կրկին կտեղափոխվեն ՀՕՖ։
Երեխաներն ապրում են մոր հետ առանձին, այն տանը, որտեղ նախկինում էին բնակվում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Ընտանիքում միակ աշխատողը մայրն է, ընտանիքը ստանում է նաև հաշմանդամության թոշակ։
2025-ի նոյեմբերի 2-ին Ծափաթաղի հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրանի մարմինը։ Ավելի ուշ պարզվել է, որ երեխայի սպանությունը կատարել է հայրը։





