AM
19 Փետրվար 2026 - 08:21 AMT

Աջափնյակում կրակոցներից հետո հիվանդանոց տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում

Փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին ասել է «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Այս պահին բոլոր 5 պացիենտների վիճակը կայուն է, ծայրահեղ ծանր հիվանդ չունենք։ Բոլորի առողջական վիճակը կայունացել է, հեմոդինամիկ ցուցանիշներով կարելի է գնահատել միջին ծանրության և նրանք ռեանիմացիոն բաժանմունքից կտեղափոխվեն այլ բաժանմունքներ՝ անոթային կամ վիրաբուժական, նայած թե մարմնի որ հատվածն է վնասված եղել»,-ասել է Կուրղինյանը։

Նրա խոսքով՝ վիրավորում ստացած քաղաքացիներից մեկն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից։

Ինչ վերաբերում է նախկինում ծայրահեղ ծանր գնահատված երկու քաղաքացիներին, բժիշկը նշել է, որ նրանք նույնպես ենթարկվել են վիրահատության, արյան ցուցանիշները կարգավորվել են, և այս պահին նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին ասել է, որ կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց վիճակը բավականին ծանր է, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտություններ: Նրանք գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո, hայտնում է «Ազատությունը»:

Աջափնյակ վարչական շրջանում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 անձ։ Բուժկենտրոն տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է։