AM
19 Փետրվար 2026 - 09:07 AMT

ՀՀ-ում արձանագրվել է «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք

Փետրվարի 18-ին Հայաստանում արձանագրվել է «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։

Վարակված անձը հիվանդությունը ստացել է Սեյշելյան կղզիներում՝ մոծակի խայթոցի հետևանքով։ Ներկայումս նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 2-12 օր։ Հիմնական ախտանշաններն են տենդը, արտահայտված հոդացավը, մկանացավը, մաշկային ցանավորումը և ընդհանուր թուլությունը։

Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով և մարդուց մարդուն չի փոխանցվում։ Մասնահատուկ բուժում չի կիրառվում, իսկ հիվանդության դեմ պատվաստանյութը լայն կիրառում չի ստացել։

Ռիսկային խմբում են քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, տարեցները և հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավորապես 0.1%՝ հիմնականում տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։

Վարակման հավանական ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է՝

  • օգտագործել հակամիջատային ցանցեր
  • կրել փակ հագուստ և երկարաճիտք կոշիկներ
  • կիրառել միջատավանիչ նյութեր և սարքեր

Վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են չիկունգունիա տենդի բռնկումներ։ Նշված երկրներից վերադառնալուց հետո նման ախտանշաններ նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ-վարակաբանի։